Pastinfo.am-ը գրում է․

Ադրբեջանում գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանը կարող է հրաժարվել ՀՀ քաղաքացու անձնագրից։ Մարալ Նաջարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հետպատերազմյան շրջանում, երբ Մարալ Նաջարյանը հայտնվել է գերության մեջ, իր մոտ ունեցել է նաև փաստաթղթերը, իսկ նրան վերադարձնելու ժամանակ անձնագիրը չեն տրամադրել։

«Հետո տիկին Նաջարյանը գնացել է Բեյրութ, ինձ են դիմել իր մերձավոր ազգականները, որ դիմենք՝ նախ անվավեր ճանաչելու համար, քանի որ Ադրբեջանի տարածքում էլ ինչ-որ օգտագործման հեռանկարներ կար, և միևնույն ժամանակ նոր անձնագիր տրամադրվի»,- նշեց Կոչուբաևը՝ հայտնելով, որ դիմել է ոստիկանություն, որտեղից մերժել են՝ պատճառաբանելով, որ Նաջարյանն ինքը պետք է անձամբ գա և ստանա անձնագիրը։

Փաստաբանի խոսքով՝ թեև օրենսդրության համաձայն՝ անձն անձամբ պետք է ներկայանա և ստանա, բայց պետք չէ մոռանալ, որ Մարալ նաջարյանը գերեվարվել է պետության թերացման, գործառույթները ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով։

Կոչուբաևի դիտարկմամբ՝ ստեղծվել է արտակարգ իրավիճակ, որը պահանջում է արտակարգ լուծում, տվյալ դեպքում՝ փաստաբան ներկայացուցչի միջոցով անձնագիր տրամադրելը։

«Եթե անգամ մի կողմ դնենք անձնագիր տրամադրելը, ոստիկանությանը տեղեկատվություն է փոխանցվել, որ տիկին Նաջարյանի անձնագիրը գտնվում է թշնամի պետությունում և, եթե անձնագիր ստանալը խնդիր էր, ապա պետությունը, մասնավորապես, ոստիկանությունը պետք է առաջին մարմինը լիներ, որ շահագրգռվածություն ունենար՝ թշնամական պետության տարածքում գտնվող անձնագիրն օր առաջ անվավեր ճանաչելու, մինչդեռ՝ ինձ պատասխանեցին, որ պետք է անձամբ տիկին նաջարյանը վերադառնա։ Հասկանում եք, որ մարդը գերությունից է վերադարձել ու իր անձնագրային հարցերը վերջին խնդիրն է, որ իրեն հետաքրքրում են։ Այս ամենին գումարած՝ պետության նման արհամարհական մոտեցումը։ Կարծում եմ, որ այդ արտակարգ իրավիճակը պահանջում էր, որ օրենսդրությունից մի փոքր շեղում տեղի ունենար, հատկապես, երբ դա հետապնդում էր իրավաչափ նպատակ և որևէ անձի իրավունքներին, օրինական շահերին վնաս չէր և չէր կարող պատճառել»,- նշեց Կոչուբաևը՝ հավելելով, որ այժմ կապի մեջ է Նաջարյանի մերձավոր ազգականների հետ, փորձում են հասկանալ, թե ինչ դիրքորոշում կունենա Նաջարյանը՝ հրաժարվում են ՀՀ քաղաքացու անձնագիրը ստանալու մտադրությունից, թե կդիմեն Վարչական դատարան՝ պարտավորեցնելու պահանջով։

«Նա այն վիճակում չէ, որ զբաղվի իր անձնագրային հարցերով։ Մեզ թվում էր, որ պետությունը մի փոքր կընդառաջի, որովհետև, ի վերջո իր քաղաքացին է գերի ընկել և նման իրավիճակում հայտնվել։ Լավ, ընդունենք, որ նոր անձնագիրը պետք է գար, ստանար, բայց միթե դժվար էր, որ գոնե Ադրբեջանում հայտնված անձնագիրն անվավեր ճանաչվեր, կարծում եմ՝ դա որևէ բարդություն չէր ներկայացնում»,- նշեց փաստաբանը։

Հավելենք, ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ո՛չ Մարալ Նաջարյանից, ո՛չ իր ներկայացուցչի կողմից չեն ստացել գրավոր դիմում՝ Մարալ Նաջարյանին նոր անձնագիր տրամադրելու վերաբերյալ, այդուհանդերձ, «Փաստինֆո»-ի տրամադրության տակ է փաստաբանի կողմից ներկայացված դիմումը, ինչը փաստում է, որ դիմում ներկայացվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել