Armenpress.am-ը գրում է․

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ապրիլի 28-ին հանրային կերպով կպատվաստվի կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ը նախարարությունից ճշտեց, որ Ավանեսյանը պատվաստվելու է AstraZeneca պատվաստանյութով:

Նախարարի պաշտոնակատարը կպատվաստվի ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ում:

Հայաստանում AstraZeneca-ով պատվաստումները նախատեսված են (առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 436-Ա հրամանով) սահմանված բոլոր ռիսկի խմբերի` 55 և բարձր տարիքի անձանց համար: Սակայն օրեր առաջ փոփոխությամբ սահմանվել է, որ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել