168.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո երկրի իրավաբանական և ոչ միայն իրավաբանական հանրույթը զբաղված է Սահմանադրության անիմաստ մեջբերումներով, որոնք ապացուցում են, որ նա Սահմանադրության ու օրենքի ուժով չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։ Անիմաստ են ոչ միայն սահմանադրական ցիտատները, այլ անգամ նույն Նիկոլ Փաշինյանի եռամյա վաղեմության հայտարարությունն այն մասին, որ հրաժարական տալուց հետո Սերժ Սարգսյանը չէր կարող դառնալ վարչապետի պաշտոնակատար։ Եվ չդարձավ, քանի որ դա էր Սահմանադրության ու օրենքի պահանջը։

Փոխարենը՝ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, քանի որ դա էր պահանջում փողոցը։ Ահա ուրեմն բոլոր այդ սահմանադրական մեջբերումներն անիմաստ են ու ժամանակի վատնում՝ այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել ոչ թե Սահմանադրության, այլ փողոցի տրամաբանությամբ։ Իսկ դա նշանակում է, որ նա վարչապետի պաշտոնում կամ առանց դրա իշխանությունը պահպանելու է նույն՝ փողոցի տրամաբանությամբ։ Ընդ որում, նա այդպիսով ձեռնոց է նետում ոչ միայն Սահմանադրությանը, այլ նաև քաղաքականությանն ընդհանրապես։

Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել՝ պայմանով, որ խորհրդարանական մյուս ուժերը վարչապետի թեկնածու չպետք է առաջադրեն։ Այսինքն՝ նա նախապայման է ներկայացրել առ այն, որ խորհրդարանական ուժերը պետք է առաջնորդվեն ոչ թե սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններով, այլ Նիկոլ Փաշինյանի կամքով։ Խորհրդարանական  խմբակցություններն էլ հեզաճկուն հարսի կեցվածքով ընդունել են Նիկոլ Փաշինյանի պայմանը, որը պայման է ոչ միայն ու ոչ այնքան՝ վարչապետի թեկնածու չառաջադրելու, որքան՝ իշխանությունը միասնաբար կիսելու մասին։

Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը՝ համաձայնելով առաջնորդվել ոչ թե Սահմանադրությամբ, այլ Նիկոլ Փաշինյանի սահմանած խաղի կանոնով, հույս ունեն, որ վերջինս իրենց մասնաբաժին է հանելու ապագա իշխանությունից, քանի որ ով՝ ով, բայց Ծառուկյանն ու Մարուքյանը լավ գիտեն, որ իշխանությունը որոշվելու է ոչ թե ընտրությունների արդյունքներով, այլ Նիկոլ Փաշինյանի սահմանած համամասնություններով, և դա լավ իմանալով, նրանք հույս ունեն, որ Փաշինյանն իրենց չի խաբելու ու վարձահատույց է լինելու վարչապետ չառաջադրելու այս գրեթե հանցավոր համաձայնության համար։

Իրականության մեջ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը պահպանելն իսկապես իշխանության բռնազավթում է, ինչպես պնդում են իրավաբանները։ Բայց գործնականում իշխանության բռնազավթում է ոչ միայն դա, այլև քաղաքական պայմանավորվածություններով իշխանության վերարտադրության հիմքերի ապահովումը, որում մասնակցում է ոչ միայն իշխանությունը, այլև քաղաքական համակարգի առնվազն խորհրդարանական հատվածը։

Մնալով որպես վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղում այն մասին, որ պահպանելու է իշխանությունը բոլոր դեպքերում, անկախ ընտրությունների արդյունքներից՝ բոլոր տեսակի կեղծիքների գնով։ Նա այդ հարցում ունի հանցակիցներ՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի, որոնք հակառակն ապացուցելու համար ունեն ուղիղ երկու շաբաթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել