Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Twitter–ի իր էջում հայերեն տեսաուղերձ է հղել:

Տեսանյութը նկարահանվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ։

«Ապրիլի 24-ը Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրն է: Ամբողջ աշխարհի հայերը, ինչպես նաև Նիդեռլանդների ժողովուրդն այսօր նշում է 1915 թվականին սկիզբ առած զանգվածային սպանությունների և տեղահանությունների օրը։ Սակայն այս իրադարձություններին զոհ գնացած հայերի հիշատակը չի մոռացվի»–ասում է նա:

Ու թեև Նիդեռլանդները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց դեսպանն իր ուղերձում «ցեղասպանություն» եզրույթը չի արտասանում։

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։

Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել