Hraparak.am-ը գրում է.

Ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանը մեկնեց Սյունիքի մարզ՝ ընտրություններից առաջ սյունեցիների տրամադրությունները ստուգելու։ Նա կարծում էր, թե պատերազմից տեւական ժամանակ է անցել, կրքերն այնտեղ հանդարտված կլինեն, սակայն պատկերը Լեռնահայաստանում այլ էր։ Փաշինյանին եւ նրան ուղեկցող խմբին դիմավորեցին հայհոյանքներով, «դավաճան» վանկարկումներով։

Սյունիքում անարգանքի արժանացած Փաշինյանը չմարսեց ո՛չ հայհոյանքները, ո՛չ էլ վանկարկումները եւ ուղիղ հանձարարություն տվեց ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին՝ զբաղվել տեղի ունեցած դեպքերով, եւ իրավապահները գործի անցան։ Հենց գիշերով խոշտանգելով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ քաղաքապետ, փոխքաղաքապետ, չխնայեցին Շուռնուխի համայնքապետի հիվանդ եղբորը։ Մեր տեղեկություններով՝ շուրջ 52 սյունեցի է բերման ենթարկվել, ձերբակալվել, մի մասը հետո ազատ է արձակվել։ Քննչական կոմիտեն միանգամից 2 քրեական գործ հարուցեց՝ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրման։

Այս գործով զբաղվող փաստաբան Բենիկ Գալստյանը մեզ հայտնեց, որ տեղի է ունեցել 2 տասնյակի հասնող ձերբակալություն։ «Ձերբակալությունների մեծ մասը բողոքարկված է, առնվազն երեք հոգու որոշումը դատարանների կողմից ոչ իրավաչափ է ճանաչվել, եւ արդեն իսկ ազատության մեջ են»։ Ձերբակալվածների թվում էր նաեւ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, ով հետո ստորագրությամբ ազատ էր արձակվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության՝ դիտավորությամբ հասարակական կարգը խախտելու համար։ 

Ըստ փաստաբանի՝ Մենուա Հովսեփյանին ՔԿ տանելիս խոշտանգել են ու նվաստացրել, մարմնական վնասվածք պատճառել՝ մարմնի վրա կապտուկներ կան, որոնք արձանագրվել են։
Ձերբակալվել էր նաեւ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը։ Նրան մեղադրանք չեն առաջադրել, «կասկածում» են ակցիան կազմակերպելու մեջ։ Զաքարյանի փաստաբանը նույնպես ձերբակալությունն անօրինական է համարում, որոշումը բողոքարկել է դատարան։ Նա ենթադրում է, որ ձերբակալության իրավաչափության հարցի քննության հետ միաժամանակ կքննեն նաեւ նրան կալանավորելու հարցը։

Այս գործով ձերբակալված է նաեւ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբայրը՝ Արարատ Աղաբեկյանը (հայտնի Աշխարհապետը)։ Թե՛ եղբայրը, թե՛ փաստաբանը պնդում են, որ նա չի մասնակցել բողոքի ակցիաներին՝ տանը հիվանդ պառկած է եղել. «Ոչ միայն հավաքի օրն այնտեղ չի եղել, այլ 6 օր ընդհանրապես տնից դուրս չի եկել»: Տեսանյութից երեւում է, որ Աղաբեկյանը ձեռնաշղթաներով է, ասում է, որ ինքնազգացողությունը վատ է, եւ խնդրում է շտապօգնություն կանչել, իսկ նրան քարշ տալով տանում են։ Փաշինյանի այցի օրը շուռնուխցի Աղաբեկյանը Գորիսի հայրական տանն է եղել, նոյեմբերի 9-ից հետո համայնքապետի եւ եղբոր տները մնացել են Ադրբեջանին զիջած տարածքում, իսկ Աշխարհապետը տնից դուրս գալուց առաջ այրել է այն։

Երեկ ոչ իրավաչափ  է ճանաչվել նաեւ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը․ դատարանը բավարարել է փաստաբանի բողոքը։ Ազատ է արձակվել նաեւ Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանը։ Նշենք, որ տասնյակ անձանց ձերբակալությունների իրավաչափության վերաբերյալ դատարանները քննություն են ծավալել։ Եթե իշխանությունը ճնշումներ չգործադրի դատարանների վրա, այդ բոլոր գործերով ձերբակալությունները կճանաչվեն անօրինական, եւ սյունեցիներն ազատ կարձակվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել