Hraparak.am-ը գրում է.

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը հասցրել է աչքի ընկնել իր ֆանտաստիկ մտքերով, պարզվում է՝ բավականին անկեղծ մարդ է։ Ավելին, երեկ բացահայտեցինք, որ, ի տարբերություն իր շատ թիմակիցների, որոնք ակնհայտորեն աչքի են ընկնում անմեղսունակությամբ եւ մեծամտությամբ՝ չընդունելով ու չգիտակցելով սեփական սխալները, նա նաեւ մեղսունակ է։ Եվ դա գովելի հատկանիշ է, էկզոտիկ՝ այս կառավարությունում եւ Փաշինյանի շրջապատում։
Երեկ, երբ կառավարության նիստից հետո նրանից հետաքրքրվեցինք, թե ուր են այն անթիվ-անհամար ներդրողները, որոնք հերթի կանգնած սպասում են, Քերոբյանն ասաց՝ նրանք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են՝ սկսած IT ոլորտից, վերջացրած կառուցապատումով։ Ապա ցույց տվեց իր ուսից կախված պայուսակն ու հարցրեց․ «Հենց հիմա էստեղ կա մի քանի հարյուր միլիոն դոլարանոց պրոյեկտ, ուզո՞ւմ եք` հանեմ ցույց տամ»։

Եվ հանեց՝ ցույց տալու։ Պարզվեց` պայուսակում Գյումրու «Կումայրի» կենտրոնի կառուցապատման ծրագիրն է, որի հեղինակն ու ներդրողը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է, որի օրոք է այն մեկնարկել: Քերոբյանը հաստատեց դա` նշելով, որ Կարապետյանից բացի այլ անձինք էլ են մաս կազմում այս ծրագրի ներդրման հարցում:
Երբ նկատեցինք, որ, փաստորեն, էլի նախկինների ծրագրերն են կյանքի կոչում, Քերոբյանը հետաքրքիր խոստովանություն արեց. «Մենք չենք համարում, որ ամենախելոքն ենք, եւ եթե կան խելամիտ ծրագրեր, մենք, իհարկե, դա էլ ենք հաշվի առնում»: Ինչ խոսք, մեզ զարմացրեց այս խոստովանությունը, քանզի նա մաս է կազմում մի կառավարության եւ մի իշխանության, որտեղ մեծ մասը, մեղմ ասած, աչքի չի ընկնում խելքով, եթե չասենք՝ պարզապես խելք չունեն, բայց իրենց ներկայացնում են իբրեւ ամենախելոքը։ Եվ, ահա, այս ֆանտաստիկ միջավայրում հայտնվում է մի անմեղ նախարար, որը միամտաբար խոստվանում է ճշմարտությունը՝ իրենք չեն համարում, որ ամենախելոքն են։ Խոստովանենք՝ գովելի է։ 

Բայց չզլացանք ու հարցրինք՝ իրենց կառավարությունում միայն ի՞նքն է համարում, որ ամենախելոքը չէ, Քերոբյանն ասաց․ «Բոլորն էլ համարում են, որ իրենք ամենախելոքը չեն»։ Այ, այստեղ, կարծում եմ, էկոնոմիկայի նախարարը մոլորության մեջ է, քանզի հազիվ թե իր մյուս գործընկերները նրա հետ համաձայնեն։ Երեք տարվա ընթացքում մենք չենք հանդիպել Փաշինյանի թիմից որեւէ մեկին, որ ասի՝ ինքն ամենախելոքն ու ամենապրոֆեսիոնալը չէ։ Ընդ որում, նրա թիմի ամենատխմարներն առաջինն են գոռում, որ իրենք ամենախելոքն են։ Իսկ այդպիսիներն այս թիմում, ցավոք սրտի, շատ են։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել