Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանը եռանդուն միջնորդական ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի հարաբերություններում առավել ուժեղ բաժանարար գծերից մեկը վերացնելու համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ ռազմագերիների վերադարձի մասին հարցին։

«Մենք կողմ ենք, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով։ Նման քայլն իսկապես բարենպաստ մթնոլորտ կստեղծի մի շարք կարևոր հարցերում առաջ շարժվելու համար», - ասել է Զախարովան։

Այնուհետև նա անդրադարձել է Բաքվում բացված «պուրակին» և նշել` ռուսական կողմը հուսով է, որ հակամարտության կողմերը գործնական հարցերում կձգտեն այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե նոր բաժանարար գծեր ստեղծելուն:

Զախարովան հիշեցրել է, որ հսկայական գին է վճարվել՝ մարդկային կյանքեր, և պետք է օգտագործել այս պահը խաղաղ կյանքի, ոչ թե իրավիճակը նախկինից էլ շատ սրելու համար։

«Այո, մենք կարող ենք շատ բաների հետ չհամաձայնվել։ Ինչ-որ մեկն ուզում է շարունակել պատերազմը, ինչ-որ մեկը ռևանշ է ուզում։ Բայց դա՞ է նպատակը։ Եվ մի՞թե նման բաժանարար գծերը, նման խնդիրները կնպաստեն կարգավորման կամ խաղաղության հաստատման հասնելուն։ Ահա այս հարցը պետք է տալ... Պատասխանն ակնհայտ է՝ իհարկե ոչ, չի նպաստի», – շեշտել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը

Մոսկվան այս փուլում կարևորագույն խնդիր է համարում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վստահության միջոցների ամրապնդումը, տնտեսական դրական օրակարգի ձևավորումը, որը կարող է Անդրկովկասի զարգացման հեռանկար ապահովել:

Մեկնաբանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ալիևի սպառնալիքները՝ Զախարովան նշել է, որ Մոսկվան կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ռևանշիստական տրամադրություններից և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կրկին կարող է տարածաշրջանը պատերազմի եզրին հասցնել: Նա հորդորել է պահպանել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` հիշեցնելով, որ տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը ևս տեղավորվում է այդ պայմանավորվածությունների տրամաբանության մեջ։

Հիշեցնենք` Բաքվում բացվել է որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի «պուրակ», որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների մանեկեններ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քառատողով էր պատասխանել Ադրբեջանի նախագահին, որն այցելել էր «պուրակ» ու լուսանկարվել։ Ադրբեջանի ԱԳՆ–ն էլ բանաստեղծությամբ էր արձագանքել Փաշինյանի ասածին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել