Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակեց հայտարարությունը՝ կապված այսօր տեղի ունեցած ձերբակալությունների հետ։ Զեկույցում ՄԻՊ-ը գրել է, թե ինչ է պատմել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը․

«Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին առանձնազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Գորիսից իրեն բերման ենթարկելուց հետո իրեն տեղափոխել են Քննչական կոմիտե, սակայն կոմիտեի շենք մուտք չեն գործել և մոտ 30 րոպե ոստիկանական ավտոմեքենայի մեջ սպասելուց հետո տեղափոխել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենք:

Ըստ Մ.Հովսեփյանի՝ Ոստիկանությունում իր նկատմամբ գործադրվել է բռնություն, մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողներն, իրեն աշխատասենյակ տանելով, գցել են գետնին և ոտքերով հարվածել, հետո գետնին գցած վիճակում քարշ են տվել մեկ սենյակից մյուսը և տեսանկարել քարշ տալու ընթացքը: Այդ սենյակում թույլ չեն տվել նստել, ստիպված է եղել ոտքի վրա մնալ մոտ 30 րոպե: Այդ ողջ ընթացքում իր նկատմամբ ցուցաբերվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, այդ թվում՝ հայհոյանքներով: Այդ ողջ ընթացքում եղել է ձեռնաշղթաներով՝ ձեռքերը մեջքի հետևում:
Այս նույնը պնդել են նաև փաստաբանները և տեղեկացրել, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես համապատասխան գրություն կհասցեագրի ՀՀ դատախազություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել