Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանը գլխավոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը բաց է միջպետական լայն համագործակցության համար, ձգտում է աջակցել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը։

«Արդեն շատ բան ենք արել Սիրիայում իրադրությունը կայունացնելու, Լիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու համար։ Ռուսաստանը գլխավոր դեր է խաղացել, որպեսզի հաջողվի դադարեցնել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունը», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

Նա հավելել է` փոխադարձ հարգանքի հիման վրա է, որ Մոսկվան հարաբերություններ է կառուցում աշխարհի պետությունների բացարձակ մեծամասնության հետ Ասիայում, Լատինական Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայի շատ երկրների հետ:

ՌԴ նախագահի խոսքով ՝ Ռուսաստանը հետևողականորեն ընդլայնում է համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության, BRICS-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի դաշնակիցների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել