Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանական վեհաժողովում ևս մեկ անգամ բարձրացրեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը՝ շեշտելով, որ նրանց կյանքը վտանգի տակ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն իր ելույթում շեշտեց.

«Ցանկանում եմ ասել, որ այս կազմակերպությունը ստեղծվել է՝ կանխելու Երկրորդ համաշխարհային պատերազմի նման ցանկացած այլ աղետ, այս կազմակերպությունը ստեղծվել է՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության դիտորդ `օրենքի գերակայության ապահովման և ժողովրդավարության սկզբունքները հարգելու համար: Այս կազմակերպությունը ստեղծվել է այն բանի համար, որ այլևս երբեք չլինեն Հոլոքոստի կրկնություն, մարդկության դեմ կատարված հանցագործություններ և այլ անօրինություններ»:

Նա հիշեցրեց, որ իր ադրբեջանցի կոլեգան նշել է, թե իբր իրենք պատերազմ են սկսել, քանի որ խաղաղություն են ուզում:  

«Ավելի քան 200 հայ ռազմագերի ադրբեջանական բանտարկության տակ է, մենք հիմնավոր պատճառներ ունենք՝ հավատալու, որ իրենց կյանքը վտանգի տակ է, նրանք կարող են խոշտանգումների ենթարկվել: Սա քաղաքական հարց չէ, սա մարդու իրավունքների, ժողովրդավարության հարց է, և նրանց իրավունքները պետք է հարգվեն»,-շեշտեց Վարդանյանը:

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել