«ՀՅԴ համահայաստանյան գերագույն ժողովը, որը կայացել է ապրիլի 17-18-ին, երեկ օրվա երկրորդ կեսին վերջապես հայտարարություն տարածեց, որից պարզ է, որ ոչինչ էլ պարզ չէ։ Համենայնդեպս, գլխավոր հարցը՝ ՀՅԴ-ն միայնա՞կ է մասնակցելու ԱԺ արտահերթին, թե՞ դաշինքով, և եթե դաշինքով՝ ապա որ ուժերի հետ, այդպես էլ պատասխան չստացավ։ Մինչդեռ սպասվում էր, որ ընդհանուր ժողովում հստակ որոշվելու է մասնակցության ձևաչափը։ Դրա փոխարեն նշված է, որ ԳՄ ընդհանուր ժողովը որոշել է․

«Ա. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու դեպքում մասնակցել՝ դրանք դիտարկելով որպես հայրենադավ իշխանություններին հեռացնելու միջոցներից մեկը։

Բ. հավանական ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը վերապահել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին»։

Մենք արդեն գրել ենք, որ այդ հարցի շուրջ դաշնակցականների միջև տարաձայնություններ կան՝ մի թևը կարծում է, որ ՀՅԴ-ն, հավատարիմ մնալով իր նախկին բանաձևերին, միայնակ պետք է մասնակցի, մյուս թևը կողմնակից է Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով ընտրություններին գնալուն։ Սակայն մեկնաբանելու իրավունքը թողնենք ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ 

- Հայտարարության մեջ ասվում է, որ ԳՄ-ն է որոշելու ձևաչափը, բայց քանի որ ԳՄ-ում մեծամասնությունը դաշինքով գնալու կողմնակից է, արդյոք կարելի՞ է եզրակացնել, որ այս հարցը որոշված է։

- Գրված է շատ պարզ և հստակ։ Ձևաչափի մասին Գերագույն մարմինը կորոշի։

- Բայց ԳՄ-ում մեծամասնությունը դաշինքով մասնակցելու կողմնակից է, չէ՞։

- Ո՛չ հա, ո՛չ չէ։ Կգա ժամանակը, կիմանաք։

- Ե՞րբ, ե՞րբ կգա ժամանակը։

- Երբ կհայտարարվի ընտրությունների մասին։ Այստեղ խնդիրը դա է։ Երբ որ լինի ընտրություն, այդ ժամանակ մենք կխոսենք ձևաչափի մասին։

- Բոլորը սպասում էին, որ հիմա հստակ հայտարարություն կլինի, բայց չեղավ։ Ինչո՞ւ։

- Այնքան հստակ ու սիրուն գրված է, որովհետև ընտրություն չկա։ Կլինի ընտրություն, կխոսենք։ Այնտեղ ամեն մի բառի տակ բովանդակություն կա։

- Իսկ կարո՞ղ է, բացի Ռոբերտ Քոչարյանից, էլի ինչ-որ ուժեր մտնեն…։

- Հիմա ինչ էլ հարցնեք, ասելու եմ նույնը՝ ձևաչափի մասին կլինեն բանակցություններ, կխոսենք էդ մասին, էդ ժամանակ հանդես կգանք հայտարարությամբ։ Բայց մինչև այդ թող հրաժարական տա, նոր։

- Իսկ ժողովում բովանդակային քննարկում եղե՞լ է այս հարցերի շուրջ։

- Ժողովում, բնականաբար, ամեն ինչի մասին շատ խորքային, երկարատև խոսվել է։ Այնտեղ մի շատ կարևոր ձևակերպում կա՝ որ շարունակել պայքարել այս հայրենադավ իշխանությունների դեմ, անկախ նրանից՝ ընտրություն կա՞, թե՞ ոչ։

- Այսինքն՝ հնարավոր է, որ չլինի՞։

- Այո, դրա համար, եթե տեսնում եք, մենք անընդհատ կրկնում ենք՝ հավանական ընտրություն։ Մենք դա հայտարարել ենք հենց սկզբից, որպեսզի մեր համակիրների համար պարզ լինի, որ մենք մասնակցելու ենք, ու նաև ասել ենք, թե ինչու՝ որովհետև այդ ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու մեր ազգային ինքնության և պետականության համար, և մենք դիտարկում ենք դրանք իբրև այդ ազգադավ իշխանություններին հեռացնելու միջոց։ Մենք ընտրություններին չենք մասնակցում մանդատ ունենալու համար։

- Անձամբ Դուք որքանո՞վ եք հավանական համարում, որ ընտրությունները կչեղարկվեն։

- Էդ հավանականությունը կա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել