«Իշխանությունները սկսել են նոր թափով գործի դնել ծանր պարտության պատասխանատվությունից խուսափելու իրենց ավանդական քարոզչությունը, որի էությունը պարզ է՝ ձախողումների համար բոլորը պատասխանատու են, բացի իրենցից։ Եվ ահա, Փաշինյանին այս հարցում «օգնության» է գալիս նախկիններին մեղադրելու փորձված մեթոդը, թե նրանք բանակը «թալանել են», չեն թողել, որ զարգանա, իսկ իրենք այս երեք տարիների արդյունքում ի վիճակի չէին եղել վերացնել անցած տասնամյակների բացթողումները։ Բայց քանի որ սրանով ստացվում է, թե իշխանությունները որոշ չափով ընդունում են իրենց ձախողումը, ապա պետք էր նոր թեզեր շրջանառության մեջ դնել, թե կապիտուլ յացիայի հիմնական պատասխանատուն եղել են բանակն ու նրա հրամանատարությունը, և ողջ մեղքը բարդել նրանց վրա։ Սրանով իշխանությունները մի կողմից՝ հնարավորություն կունենան ընտրություններին ընդառաջ հանրության առաջ արդարանալ, մյուս կողմից էլ՝ հատուկ կթիրախավորեն բանակի այն սպայակազմին, որն իրենց հրաժարականն է պահանջել։

Իշխանական պատկերացումներով, այդպիսով նրանք մի հարվածով երկու նապաստակ կարող են խփել։ Պարտության մեղքը բանակի գլխին ջարդելու քարոզչական օպերացիայում Նիկոլ Փաշինյանը օգտագործում է բոլորի հնարավորությունները, որոնք պատրաստ են օգտագործվել: Դրանցից մեկը Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանն է, որը վերջերս Հանրային հեռուստաընկերության եթերում ձախողման ողջ պատասխանատվությունը գցեց բանակի ու սպայակազմի վրա՝ անգամ հայտարարելով, թե բանակը պատրաստ չի եղել ոչ միայն պատերազմի, այլև ոչ մի բանի։ Մի կողմից՝ հարց է ծագում, եթե այդպես է, ապա Բաբայանն էլ իր հերթին ինչո՞ւ պատշաճ ձևով չի կատարել անվտանգության ոլորտը համակարգելու իր պարտականությունները, որպեսզի բանակը բանակ դառնար։ Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում, իսկ Սամվել Բաբայանը հայտարարել է, թե մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդպիսով իշխանություններին հնարավորինս մեծ ծառայություններ առաջարկելով՝ վերջինս ցանկանում է մեծացնել իր շանսերը։ Բայց այս ամենը հնարավորություն տալո՞ւ է Բաբայանին խուսափել իր բաժին պատասխանատվությունից, միանշանակ՝ ոչ։

Նույնը՝ նաև Նիկոլ Փաշինյանի համար կարելի է ասել. նա ևս, իր քարոզչությունը կառուցելով պարտության մեղքը բանակի վրա բարդելու առանցքի շուրջ, չի կարող ազատվել տեղի ունեցածի պատասխանատվությունից։ Չէ՞ որ ինքն է նշանակել բանակի ղեկավար անձնակազմին կամ փոփոխել նրանց։ Իսկ եթե բանակում խնդիրներ են եղել, ապա ինչո՞ւ հենց ժամանակին իշխանությունները չեն հետևել դրանց, որպեսզի լուծվեն։ Դեռ ավելին, երբ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց երկրի վարչապետի պաշտոնում, սկսվեց բանակի ու սպայակազմի վարկաբեկումը, ու ողջ անվտանգության համակարգը հայտնվեց անիմաստ քարոզչական տեղապտույտի մեջ։ Հենց Փաշինյանի գլխավորած իշխանության թեթև ձեռքով իրականություն դարձավ «Ազգ-բանակ» հայեցակարգից հրաժարումը, որի դեմ «քայլողները» պայքարում էին։ Հետո այդ ինչպե՞ս ստացվեց, որ անցած տարի հուլիսին Տավուշի սահմանային բախումների ժամանակ գրանցված փոքր հաջողությունների դեպքում Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացնում էր իրեն որպես գերագույն գլխավոր հրամանատար ու մեծ շոու սարքելով՝ փորձում էր հզոր հրամանատար երևալ, իսկ երբ Արցախում պարտություն ենք կրում, հիշում է, թե վարչապետը չի ղեկավարում ռազմական օպերացիաների իրականացումը, և այն բանակի տիրույթում է։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը պարբերաբար շեշտում էր, թե ինքը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար է, ու թող ոչ ոք չկասկածի իր այդ ընդունակությունների վրա։ Ավելին՝ պատերազմի սկսման առաջին օրերին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշում էր, թե՝ չշշկռեք, Փաշինյանը գերագույն հրամանատարն է։ Ու ընդհանրապես, իշխող ուժի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից Փաշինյանին դիմում էին «գերագույն հրամանատար» ձևակերպմամբ։ Բայց ճակատագրի հեգնանքով հիմա Փաշինյանը փորձում է իր վրայից հեռացնել գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը։

Դրա համար էլ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, թե վարչապետը գերագույն հրամանատար է պատերազմի ժամանակ, սակայն Հայաստանին պատերազմ չի հայտարարվել, միայն ռազմական դրություն է սահմանվել։ Այնինչ, դեռևս 2019 թվականին նույն Արմեն Գրիգորյանը, որպեսզի Փաշինյանին ներկայացնի որպես գերագույն հրամանատար, հայտարարում էր, թե մենք փաստացի պատերազմի մեջ ենք։ Այսպիսով ստացվում է, որ ինչպես ցանկացած հարց, գլխավոր գերագույն հրամանատարի հարցը ևս պատվերով համերգի պես մի բան է. երբ Փաշինյանին պետք է, կարող է լինել գերագույն հրամանատար, իսկ երբ պետք չէ, ինքն այդ լիազորությունների հետ գործ չի ունեցել: Միայն թե մի հարց. եթե ԳԳՀ չի եղել, ի՞նչ գործ ուներ ռազմական որոշումների հետ: Ինչ-որ բան, կարծես, չի «բռնում»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել