Tert.am-ը գրում է.

Չգիտեմ, թե Թուրքիան ցանկանո՞ւմ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, թե՝ ոչ, բայց ես արդեն չեմ ցանկանում։ Tert.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Թուրքիայում հրապարակվող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, որ պետք է շտկումներ անել հայ-թուրքական հարաբերություններում, որ պետք է գտնել հնարավորություններ այդ հարաբերությունների կարգավորումից։ 

«Ես պահին բացարձակապես չեմ ցանկանում հարաբերությունների կարգավորման գործընթաց, հատկապես որ դրա մասին հնչեցվի հայկական կողմից, քանի որ այս վիճակին հասանք Թուրքիայի պատճառով։ Հետևաբար` եթե բարեփոխում են ցանկանում, թող Թուրքիան իր դիրքորոշումը փոխի։ Հայաստանն այս մասով բան չունի անելու։ Ի՞նչ պետք է անի։ 30 տարուց ավելի է՝ հայտարարում է, որ կողմ է սահմանների բացվելուն, հոժար է դրան, սակայն Թուրքիան է, որ Հայաստանին շրջափակման մեջ է պահել, և եթե ինչ-որ բան պետք է փոխվի, ապա դա Թուրքիայի քաղաքականությունն է»,- ասաց նա։

Բագրատ էստուկյանը նկատեց, որ Հայաստանն արդեն մեծ կորուստներ է ունեցել արցախյան պատերազմի ընթացքում և այս պահին էլ Թուրքիայից Հայաստանի նկատմամբ մխիթարող ոչ մի արտահայտություն չի հնչել։ «Այս պարագայում ի՞նչ տեսակ ջանքեր պետք է գործադրվի Թուրքիայի կամ Ադրբեջանի նկատմամբ հարաբերություններ կարգավորելու համար»,- ասաց նա։

Հիմա էլ, նրա նկատառմամբ, Թուրքիան շարունակում է սպառնալիքով խոսել Հայաստանի հետ, թե պետք է իրեն լավ պահի․  իսկ ի՞նչ է դրան ի պատասխան Հայաստանն անում։

«Հայաստանը դրան պետք է պատժիչ պատասխան տա։ Երբ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունես, սահմաններդ բաց չեն, հետևաբար Հայաստանն էլ քեզ ասելու բան չունի, դու ո՞վ ես, որ ասես,  որ պետք է Հայաստանն իրեն նորմալ պահի»,- ասաց նա։

Հայաստանը, ըստ Բագրատ Էստուկյանի, ունի ներուժ հակադարձելու Թուրքիային․ 30 տարի դիմադրել է շրջափակմանը։ «Թուրքիան կարծում էր, որ այդպես Հայաստանին ծնկի է բերելու։ Չկարողացավ հաջողել։ Վերջապես անկախ պետականության մասին ենք խոսում։ Այդ անկախ պետականությունը պետք է իր արժանապատվությունը բարձր պահի հատկապես թշնամի երկրների դեմ։ Թուրքիան թշնամի է, դա շատ ակնհայտ դրսևորվեց արցախյան 44-օրյա վերջին պատերազմում»,- ասաց նա։

Պոլսահայ խմբագիրը, այնուամենայնիվ նկատեց, որ Հայաստանը կարող էր և կարիք ունի տնտեսական հարաբերություններ հաստատել հարևան երկրի հետ, բայց այդ բոլորի համար նախևառաջ բարյացակամություն է պետք, քաղաքակիրթ վերաբերմունք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել