Հարցազրույց Էդվարդ Նալբանդյանի հետ

 

Լեռնային Ղարաբաղ. Հակամարտության ռենտգենային պատկերը

 

Հարցազրույցը վարել է

Politique Internationale-ի խմբագրությունը

ՄԱՍ 1

2) Միջանկյալ կարգավիճակ։
 
 
 
Մինչև իր վերջնական կարգավիճակի սահմանումը Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, որի բոլոր գործառույթները մանրակրկիտ նկարագրված էին, ներառյալ՝ օրենսդիր, գործադիր և տեղական իշխանությունների ձևավորումը և գործունեությունը, ինքնապաշտպանության սեփական ուժերի, դատարանների և իրավապահ մարմինների հիմնադրումը և նրանց գործառույթների իրականացումը, ԵԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը, ինչպես նաև անդամակցության իրավունքն այն միջազգային կազմնակերպություններում, որոնց համար Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը որպես խոչընդոտ չի դիտարկվի, արտաքին հարաբերությունների իրականացում այն բնագավառներում, որոնք նախատեսված են համաձայնագրով, ուղղակի արտաքին ներդրումներ, միջազգային դոնոր կազմակերպությունների և արտասահմանյան պետությունների ուղղակի օգնություն, ինչպես նաև մուտք միջազգային շուկաներ։ Այդ բոլորը գործնականում նշանակում էր «ստատուս քվո պլյուս»։
 
 
 
Անվտանգության երաշխիքներ։
 
 
Միջանկյալ կարգավիճակի պայմաններում նախատեսվում էին անվտանգության բազմամակարդակ երաշխիքներ․ Լեռնային Ղարաբաղի հանդեպ ուժ չկիրառելու Ադրբեջանի հանձնառությունը, միջազգային խաղաղապահ գործողությունը և խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը, Հայաստանի ճանաչումն իբրև Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից անվտանգության ապահովումը, համանախագահ երկրների կողմից անվտանգության երաշխիքները, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունումը։
 
 
 
4) Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք։
 
 
 
Մինչև վերջնական կարգավիճակի որոշումը Լաչինի շրջանով անցնող միջանցքի օգտագործման անվտանգության և բոլոր այլ հարցերը պետք է ապահովվեին և որոշվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից՝ այն ստատուս-քվոյի հիման վրա, որը գոյություն կունենար խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին։ Այդ միջանցքի վերջնական կարգավիճակը և լայնությունը պետք է որոշվեին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման համատեքստում։ Ամեն դեպքում, խոսքը ոչ թե 5 կիլոմետրի մասին էր, ինչպես այժմ է, բազմակի անգամ ավելի մեծ լայնության։
 
 
 
5) Տարածքների վերադարձ։
 
 
 
Խաղաղության համաձայնագրի շրջանակներում ֆիքսված փաթեթային պայմանավորվածությունների շրջանակներում ամրագրված այնպիսի փոխկապակցված չափանիշների, ինչպիսիք են վերջնական կարգավիճակի, միջանկյալ կարգավիճակի, միջանցքի և այլ տարրերի սահմանումից, հստակ միջազգային ու այլ երաշխիքների և անվտանգության միջոցառումների ներդրումից, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի երաշխիքներից, ինչպես նաև խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, նախատեսվում էր հինգ՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանների վերադարձը, որոնք պետք է ապառազմականացվեին, այսինքն Լեռնային Ղարաբաղի շուրջ պետք է ստեղծվեր ապառազմականացված գոտի և հենց այդ շրջաններում պետք է տեղաբաշխվեին խաղաղապահ ուժերը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլ ոչ թե՝ Լեռնային Ղարաբաղում։
 
Լաչինի ոչ-միջանցքային հատվածի և Քելբաջարի շրջանի վերադարձը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցով քվեարկության անցկացման կազմակերպական հարցերի համաձայնեցման փոխկապակցությամբ։
 
Ընդ որում, ինչպես նշված էր դեռ Կազանի փաստաթղթում, կողմերը ձգտելու էին համաձայնեցնել բոլոր այդ փոխկապակցված հարցերը այնպիսի ձևով, որպեսզի համապատասխան պայմանավորվածությունները սկսեին կիրառվել խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարի անց։
 
 
 
6) Հաղորդակցության վերաբացում։
 
 
 
Ինչպես Կազանի փաստաթղթով, այդպես էլ հակամարտության կարգավորման համաձայնագրի հետագա մշակումների իրականացման շրջանակներում առաջարկվում էր հետ կանչել բոլոր այն վերապահումները և հատուկ կարծիքները համապատասխան միջազգային համաձայնագրերից, որոնք սահմանափակում էին հաղորդակցության ազատությունը, վերացնել բոլոր շրջափակումները, ապահովել բոլոր տրանսպորտային և այլ կապերի անխափանությունը, բացել բոլոր սահմանները և հաղորդակցությունները, որոնք անցնում են կողմերի տարածքներով։ Կրկնում եմ, խոսքը գնում էր հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում հաղորդակցության ուղիների բացման մասին ամբողջ տարածաշրջանում, իսկ 2008-2018թթ.-ի բանակցային գործընթացի շրջանակներում չի եղել շեշտադրում որևէ այլ կոնկրետ շրջանների միջև հաղորդակցության վրա, բացի Լաչինի միջանցքից։
 
P.I. – Կարելի՞ է արդյոք համարել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես դա պնդում են Բավում։
 
Է․Ն․ – Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ընդունմամբ ձեռք բերվեց բոլոր ռազմական գործողությունների դադարեցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Հոկտեմբերի 10-ի, 18-ի և 26-ի երեք անհաջող փորձերից հետո 2020թ.-ի նոյեմբերի 10-ից ուժի մեջ մտած նոր հրադադարի պահպանման հուսալիությունը և ամրությունը երաշխավորվեց Լեռնային Ղարաբաղի ու Լաչինի միջանցքի շփման գծի երկայնքով Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մուտքով։
 
Ռուսաստանի ջանքերով դադարեցվեցին ռազմական գործողությունները, կասեցվեց հումանիտար աղետը։ Դա կարևոր ձեռքբերում է։ Սակայն, կայուն կարգավորումից դեռ հեռու ենք։
 
Եթե համեմատելու լինենք, թե ինչ է եղել համանախագահ երկրների հովանու ներքո բանակցային գործընթացի նյութը, որը բարձրացվել էր Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների մակարդակի և այն, ինչ ունենք Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի արդյունքներով, ապա ակնհայտ է դառնում, որ պատերազմը բնավ չի նպաստել հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծմանը, այլ՝ ընդհակառակը։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի շուրջ իրենց համատեղ հայտարարությունների մեջ բազմիցս շեշտել են և՛ Դովիլում, և՛ Լոս-Կաբոսում, և՛ Էնիսկելենում, որ ուժի կիրառումը չի հանգեցնելու հակամարտության լուծմանը, այն միայն ունենալու է աղետալի հետևանքներ տարածաշրջանի բնակչության համար, կերկարացնի նրա տառապանքները, կհանգեցնի բազմաթիվ մարդկային կորուստների, հետագա ավերածությունների, փախստականների թվի աճին։
 
Հենց դրա ականատեսն ենք դարձել պատերազմի արդյունքներով։ Եվ, ի դեպ, նախագահները հայտարարում էին, որ ռազմական ուժի նոր կիրառումը դատապարտվելու է միջազգային հանրության կողմից։
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնապատճառը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մերժումն է Բաքվի կողմից։ Ե՛վ առաջին, և՛ վերջին պատերազմը սանձազերծել էր Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այս հիմնարար իրավունքի իրացումը կանխելու նպատակով։
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց դրա սկզբնապատճառների վերացման։
 
P.I. – Ի՞նչ ստացավ Ադրբեջանը վերջին պատերազմի արդյունքում։
 
Է.Ն. – Վերջին պատերազմի արդյունքում, ստանալով վերահսկողություն Արցախին հարակից  յոթ շրջանների վրա և զավթելով ԼՂՀ զգալի մասը, դրան էլ գումարած որպես բոնուս պարտադրելով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի և ապա Թուրքիայի հետ կապող հաղորդակցության մասին պայմանավորվածությունը՝ Բաքուն ձևացնում է, թե այժմ բոլոր հարցերը լուծված են, հակամարտությունն ավարտված է։ Սակայն, դա բնավ այդպես չէ։
 
Պատահական չէ, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի Տիրանայի նստաշրջանի շրջանակներում 2020թ.-ի դեկտեմբերի 3-ին Հայաստանին և Ադրբեջանին կոչ արեցին բանակցություններ անցկացնել մնացած չլուծված հարցերի կարգավորման նպատակով՝ հայտնի Հիմնարար սկզբունքների և տարրերի համաձայն, որոնք մանրակրկիտ ներկայացրեցի նախորդ հարցերին պատասխանելիս։ Իսկ նման չլուծված հարցերը շատ են։
 
P.I. – Ի՞նչ ասել է «չլուծված հարցեր»։
 
Է.Ն. – Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի՝ նրա բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման անկյունաքարային հարցը մնում է բաց։ Հենց այն է կարմիր թելով անցել համանախագահ երկրների բոլոր առաջարկների մեջ, քանի որ նրանք հասկանում էին և հասկանում են, որ առանց դրա հակամարտության կարգավորման մասին խոսելն ինքնախաբեություն է։
 
Այսօր, 2020թ.-ի աշնան պատերազմից հետո Բաքուն մի կողմից պնդում է, թե կարգավիճակի հարցը փակված է, իսկ մյուս կողմից չի թաքցնում, որ ծրագրում է փոխել տարածաշրջանի բնակչության ժողովրդագրական կազմը ոչ միայն հակամարտության արդյունքում տեղահանվածների վերադարձի, այլև այնտեղ զգալի թվով նոր բնակիչների վերաբնակեցման հաշվին, որպեսզի հեռանկարի առումով փակի կարգավիճակի մասին հարցի բարձրացման հնարավորությունը։ Ակնհայտ է, որ ապագայում ազատ կամարտահայտության ճանապարհով կարգավիճակի հարցի լուծման պարագայում, դրան մասնակիցների շուրջ մոտեցումը պետք է մնա նույնը, ինչ տարիներ շարունակ եղել է համանախագահների դիրքորոշումը․ այն պետք է լինի բնակչության նույն հարաբերակցությամբ, ինչպիսին դա եղել է Լեռնային Ղարաբաղում 1988թ-ին մինչև հակամարտության սկիզբը։ Եթե այդպիսի մոտեցում է եղել որդեգրված առաջին պատերազմին հաջորդած ամբողջ շրջանում, ապա ի՞նչ պատճառով այն պետք է փոխվի վերջին պատերազմից հետո։
 
Նրանք, ովքեր ասում են, թե պատերազմը փոխել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և դա պետք է ճանաչել որպես կատարված փաստ, ջուր են լցնում Ալիևի ջրաղացին։ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ ինքն ապացուցեց, որ ուժի իրավունքը միջազգային հարաբերությունների գլխավոր գործիքն է, ուստի աշխարհն իբր ընդունում է այն, որպես կայացած իրողություն, ինչին հասել է Ադրբեջանը ուժի կիրառմամբ։ Արդյո՞ք միջազգային հանրության համար ընդունելի է այս մոտեցումը։
 
Ռազմական գործողությունների դադարեցման ձեռքբերումից հետո անհրաժեշտ է փնտրել ելքեր դեպի համապարփակ, կայուն կարգավորում։
 
 
 
P.I. – Որքանո՞վ են կողմերը պատրաստ կատարելու 2020թ-ի նոյեմբերի 9-ի Հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունները։
 
Է.Ն. – Ես հարցը փոքր-ինչ այլ կերպ կվերաձևակերպեի․ որքանո՞վ է Ադրբեջանը պատրաստ իրագործելու պայմանավորվածությունները։
 
Նախորդ տարիների փորձը դա կասկածելու հիմքեր է տալիս։ Այսօր էլ, իրեն ձեռնտու պայմանավորվածությունների հարցում Բաքուն ակնկալում է ոչ միայն դրանց աներկբա իրագործում, այլև փորձում է դրանք համալրել նոր պահանջներով։ Ինչ վերաբերում է մնացած այլ պայմանավորվածությունների իրագործմանն, ապա անմիջապես ի հայտ են գալիս կասկածներ և դժկամություն։ 
 
Դա ակնհայտ երևում է Հայտարարության 8-րդ կետից, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ու զոհվածների դիերի փոխանակմանը։ Չնայած համանախագահող երկրների և մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից այդ հանձնառության անհապաղ իրագործման վերաբերյալ ներկայացրած պահանջներին, Բաքուն այդ խիստ զգայուն հումանիտար հարցը դարձրել է առևտրի, շահարկման և շանտաժի առարկա։
 
 
 
P.I. – Արդո՞ք այլ բաց հարցեր կան։
 
Է.Ն. – ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում արդեն հիշատակված հայտարարության մեջ Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ընդգծել են տարածաշրջանի պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության կարևորությունը։ Դժվար է հավատալ, որ Ադրբեջանն իսկապես ականջալուր կլինի դրան։ Տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել հարյուրավոր հայկական եկեղեցիներ, վանքեր, կրոնական սրբատեղեր, գերեզմանատներ, հազարավոր միջնադարյան խաչքարեր՝ հետապնդելով այնտեղ դարեր շարունակ ապրող ժողովրդի պատմական, մշակութային, կրոնական ժառանգության ոչնչացման նպատակը։ Այսօր էլ, ինչպես և նախկինում, Բաքուն ՅՈՒՆԵՍԿՈ-յի առաքելության և այլ իրավասու միջազգային կառույցների ներկայացուցիչների համար խոչընդոտներ է ստեղծում մշակութային և կրոնական հուշարձանների մշտադիտարկման և պաշտպանության նպատակով տարածաշրջան ժամանելու հարցում։
 
Բաքուն փորձում է ամբողջ աշխարհին համոզել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, իսկ արցախահայությունն էլ նրա քաղաքացիներն են և կարող են ապրել որպես այդպիսիք ադրբեջանական «տոլեռանտ, հանդուրժողական հասարակության» պայմաններում։ Ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը, եթե մինչև հիմա ադրբեջանական դասագրքերի մեջ հայերը ներկայացված են իբրև ոխեմի թշնամիները, եթե հայերին գլխատողներին Ադրբեջանի ղեկավարությունը հռչակում է հերոսներ և երիտասարդությանը կոչ է անում հետևելու նրանց օրինակին։ Ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ մի շարք երկրների արտաքին գործերի նախարարություններ նախազգուշացնում են հայկական ազգանուններով իրենց քաղաքացիներին Ադրբեջան այցելելու հարցում, քանի որ այնտեղ նրանք կարող են հետապնդման ենթարկվել միայն այն պատճառով, որ հայեր են։ Իրականությունն այնպիսին է, որ այլ երկրների հայ քաղաքացիները Ադրբեջան ժամանելիս հայտնվում են բանտարկության մեջ։ Համաձայնեք, որ դա հանդուրժողականության բավականին յուրօրինակ դրսևորում է։ Ի՞նչ ճակատագիր է սպասում Արցախի յուրաքանչյուր բնակչի, որը կհայտնվի Ադրբեջանի «հոգատար» իշխանությունների ձեռքում։
 
Դեռևս անհրաժեշտ է երկար աշխատել անհանդուրժողականության, ատելության այդպիսի դրսևորումների հաղթահարման վրա, որոնք դուրս են գալիս քաղաքակիրթ աշխարհի տարրական կանոնների շրջանակից։ Սակայն, դրան հնարավոր կլինի անցնել միայն հակամարտության համապարփակ կարգավորումից հետո։ Վերջին պատերազմը, ինչպես և նախորդ բոլոր ռազմական գործողությունները, պատերազմի հանցագործությունները հումանիտար իրավունքի ամենակոպիտ խախտումները բնավ դրան չեն նպաստում։ Այո՛, համանախագահող երկրների նախագահները իրավացի էին, երբ ասում էին, որ ուժի կիրառմամբ հնարավոր չի հասնել հակամարտության կարգավորմանը։
 
 
 
P.I. – Կարելի՞ է արդյոք ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ այլևս չկա։
 
Է.Ն. – Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունն անշուշտ հանդիսանում է անվտանգության երաշխիք և լուրջ խոչընդոտ պատերազմի վերսկսման համար։ Այնուամենայնիվ, տարածաշրջանի ապակայունացման վտանգը դեռ առկա է։
 
Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան 2020թ.-ի դեկտեմբերի 3-ի Հայտարարությամբ կոչ արեցին տարածաշրջանից անհապաղ դուրս բերել օտարերկրյա վարձկաններին։ Մինչև հիմա մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար վտանգ ներկայացնող վարձկան զինյալների շարունակական ներկայության կապակցությամբ։ Ո՞վ է բերել այդ վարձկաններին տարածաշրջան։ Դա քաջ հայտնի է բոլորին՝ Թուրքիան և Ադրբեջանը։
 
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից հետո թուրքական և ադրբեջանական դրոշներով զարդարված Բաքվում անցկացվեց «հաղթողների» թուրք-ադրբեջանական զորահանդես, որի ընթացքում շքերթով միասին քայլեցին ադրբեջանցի և թուրք զինծառայողները։ Դա, ամենայն հավանականությամբ, արվեց այն նպատակով, որ ոչ մեկի մոտ կասկած չառաջանա, թե ով է Լեռնային Ղարաբաղի դեմ վարել այդ ագրեսիվ պատերազմը։ Զորահանդեսի ժամանակ սադրիչ ելույթներով հանդես եկան Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները։ Ալիևը շարունակեց տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին՝ «բնիկ ադրբեջանական տարածքներ» անվանելով Հայաստանի մայրաքաղաք Երևանը, ինչպես նաև Սյունիքը և Սևանը։ Էրդողանն էլ իր ելույթում, վերհիշելով Օսմանյան կայսրության պատմությունը, հայտարարեց «թո՛ղ փառավորվեն Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասյան իսլամական բանակի զինվորների հոգիները»։ Սերունդների հիշողության մեջ այս վերջինները մնացել են որպես հրեշավոր հանցագործությունների՝ զանգվածային ջարդերի, խաղաղ բնակչության ոչնչացման, հայերի ցեղասպանության հրահրողներ և իրականացնողներ, ինչը հանգեցրեց 1․5 մլն մարդու մահվան։
 
Սադրիչ հայտարարությունները և թշնամական գործողությունները շարունակում են․․․
 
Միջազգային հանրությունն ունի բավականաչափ պատճառներ լրջորեն մտորելու, քանի որ խոսքը գնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի, այլև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հանդեպ սպառնալիքի մասին։
 
 
 
---------------------------------------------------------------------------------------------------------------
 
(1) Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվեց հիմք ընդունել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների 5 հայտարարությունները, որոնք արվել էին Լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբասում և Էնիսկելենում։ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, ողջունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր 9 հայտարարությունները, որոնք արվել են 2008թ.-ի դեկտեմբերից մինչև 2017թ.-ի դեկտեմբեր արտաքին գործերի նախարարների մակարդակով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում, ինչպես նաև 2010թ.-ի ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունը։ Բաքուն հրաժարվում էր այդ հայտարարությունները աջակցելուց կամ հետագայում հետքայլ էր կատարում։ Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվեց այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք էին բերվել 2010թ.-ի հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգի, 2010թ.-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանի, 2011թ.-ի մարտի 3-ին Սոչիի, 2011թ.-ի հունիսի 24-ին Կազանի, 2012թ.-ի հունվարի 23-ին Սոչիի, 2016թ.-ի մայիսի 16-ին Վիեննայի, 2016թ.-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի, 2017թ.-ի հոկտեմբերի 16-ին Ժնևի գագաթաժողովների ընթացքում։
 
Հարցազրույցն իրականացվել է  2021թ.-ի ապրիլի 2-ին։
 
Էդվարդ Նալբանդյանին լավ են ճանաչում Ֆրանսիայում։ Նա 2008-2018 թվականներին զբաղեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Մինչև 2008 թվականը՝ տաս տարի շարունակ, եղել է Փարիզում Հայաստանի դեսպանը և այդ տարիներին բազում ջանքեր է գործադրել ամրապնդելու համար հայ-ֆրանսիական հարաբերությունները։ Շատերի հիշողության մեջ վառ են մնացել Է.Նալբանդյանի նախաձեռնությամբ ֆրանսիական հարյուր քաղաքներում անցկացված Հայաստանի տարվա միջոցառումները։ Նա է կազմակերպել Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների առաջին պետական այցերը համապատասխանաբար Հայաստան և Ֆրանսիա։ Նախագահ Ժակ Շիրակն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանը պետք է հպարտ լինի նման դեսպան ունենալով։
 
Տաս տարի գլխավորելով Հայաստանի արտաքին գերատեսչությունը՝ Էդվարդ Նալբանդյանը իր երկրի համար միջազգային ասպարեզում քիչ ձեռքբերումներ չի գրանցել։ Ի թիվս այլոց, հենց նրա ջանքերով է 2018 թվականին Հայաստանին հաջողվել ստանձնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը և ձեռք բերել դրա XVII գագաթաժողովը Երևանում անցկացնելու իրավունքը։
 
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը բարձր էր գնահատում Էդվարդ Նալբանդյանի գործունեությունը։
 
Նա արժանացել է Ֆրանսիայի պետական բարձրագույն երկու պարգևների։ Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիական Հանրապետության Պատվո լեգեոնի կոմանդոր է և կրում է Պատվո լեգիոնի բարձրագույն սպայի աստիճանը։
 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել