«Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հրապարակային հայտնություն՝ ելույթ կամ հարցազրույց, ուղղված է հայ հասարակության ներքին դիմադրողականության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության բացահայտմանը։ Հատկապես պատերազմի ավարտից ու կապիտուլյացիայից հետո նրա ցանկացած հրապարակային խոսք որևէ առողջ հասարակության համար իսկական սթրես կլիներ։ Սկսած «դժբախտ ու դժգույն Շուշիից»՝ մինչև «չպայթած Իսկանդեր», վերջացրած խաղաղասիրության թաքնված քարոզից՝ մինչև Ալիևին ուղղված տափակ ստիխ, իսկական սթրեսի պատճառ պետք է դառնային․․․

Բայց մեր հասարակությունը, գոնե առերևույթ, գոնե տեսանելի հարթակներում ցույց է տալիս, որ իր բանականության ու բարոյականության՝ բռնության ենթարկելու սահմաններն անհատակ են ու ունակ են կլանելու Նիկոլ Փաշինյանի ու իշխանական մտագարների ցանկացած ոտնձգություն։ Տպավորություն է, որ անգամ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, զարմացած է հայ հասարակության վրա կատարվող սեփական էքսպերիմենտից․ ըստ ամենայնի, ամեն անգամ հասարակությանը սթրեսի ենթարկելուց հետո նա մտածում է, որ դա սահմանագիծն է, բայց դրան հաջորդող օրերը, շաբաթներն ու ամիսները ցույց են տալիս, որ ոչ, հանրությունը դեռևս պատրաստ է կլանելու բանականությանը, բարոյականությանն ու արժանապատվությանն ուղղված նորանոր հարվածներ։

Անգամ Նիկոլ Փաշինյանի համար հանրային դիմադրողականության այսչափ դեգրադացիան անակնկալ է․ բայց նա ըստ ամենայնի այդ հարցում արդեն շարժվում է սպորտային հետաքրքրասիրությամբ և իր ամեն նոր հայտնությունը դարձնում է ավելի ցինիկ ու ամբարտավան, ինչպես տեղի ունեցավ Ազգային ժողովում նրան ուղղված հոտնկայս ծափահարությունների պարագային։ Ծափահարողները ծափարեցին, նվաստացողները նվաստացան, շոյվողը շոյվեց, ու հասարակությունը տեղափոխվեց արդեն նոր՝ նախորդից ավելի շոկային հարված ստանալու սպասման ռեժիմ։

Կա հավանականություն, որ Նիկոլ Փաշինյանը հոգու խորքում առաջնորդվում է «էս ազգին հասնում ա» սկզբունքով, որովհետև անգամ նրա սեփական արդարության զգացումը ստիպում է արձանագրել, որ տեղի ունեցածից հետո իրեն ու իր իշխանությանը հանդուրժող հասարակությանն իսկապես «հասնում ա»։ Հենց այս մտայնությամբ էլ նա գնում է առաջիկա ընտրություններին՝ վստահ, որ եթե անգամ քաղաքացուն գլխիվայր շրջած մտցնեն ընտրատեղամաս և ստիպեն ընտրել որևէ քայլի օգտին, միևնույն է՝ հասարակությունը չի ընդվզի և կընդունի «արդար ընտրությունների արդյունքները», կընդունի այնպիսի անտարբերությամբ, ինչպես արդեն մի քանի ամիս ընդունում է Նիկոլ Փաշինյանի՝ մեկը մյուսից ավելի շոկային հայտնությունները։

Պետությունը, որի ղեկավարի հիմնական առաքելությունը սեփական հասարակությանը պերմանենտ շոկի ենթարկելն է, չի կարող զարգացման որևէ հեռանկար ունենալ։ Դա, իհարկե, Նիկոլ Փաշինյանին չի հուզում, որովհետև նրա խնդիրը ոչ թե պետությունն է, այլ իշխանությունը։ Այդ հարցը պետք է մտահոգի հասարակությանը, քաղաքական ուժերին, սակայն մեր դեպքում հանրությունը կարծես հաճույք է ստանում Նիկոլ Փաշինյանի հասցրած ամեն մի սթրեսից, իսկ քաղաքական ուժերը զբաղված են նրա հետ առևտրով։

Հայաստանը պետություն է, որի ճակատագիրը չի հուզում ո՛չ իշխանությանը, ո՛չ քաղաքական ուժերին, ոչ էլ՝ առավել ևս, հասարակությանը։

Հայաստանն անտեր պետություն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել