«Դատավորից կարիերայի սրընթաց աճ արձանագրած և ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Անդրանիկ Սիմոնյանի համար նոր ոլորտ է առանձնացվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս Ազգային անվտանգության ծառայությունում ոչ միայն հանդիսանում է Քննչական դեպարտամենտի ղեկավար և զբաղվում է այդ հարցերով, այլ հատուկ նրա համար ԱԱԾ-ի տնտեսական անվտանգության ու կոռուպցիայի հակազդման բաժնից առանձնացվել է երկու բաժին և տրվել նրան, քանի որ քաղաքական ղեկավարությունը նրան վստահել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը։

Այսինքն՝ նրան կոնկրետ նպատակով են Ազգային անվտանգության ծառայություն գործուղել և հստակ հանձնարարականներ տվել, որոնք էլ առաջիկայում նա պետք է իրականացնի: Եվ հենց դա է պատճառը, որ այժմ Անդրանիկ Սիմոնյանի մոտ կա դատավորների, այսինքն՝ իր նախկին գործընկերների անուններով մի ցուցակ, որոնց նկատմամբ առաջիկայում պետք է կոնկրետ քայլեր լինեն, և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի օրինակով նրանք ևս պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին: Խոսքը դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Կարինե Պետրոսյանի, Զարուհի Նախշքարյանի մասին է:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ Ազգային անվտանգության ծառայությունը տվյալներ է հավաքվում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետեր Օնիկ Գասպարյանի և Մովսես Հակոբյանի մասով։ Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է սպասենք նոր քրեական գործերի, որով մեղադրյալ կլինի հենց շտաբի նախկին պետը:

Այսինքն՝ քաղաքական իշխանությունը անցել է գործի, և իրավապահ ու ուժային համակարգի առջև հստակ պահանջ են դրել, որ պետք է ճանապարհից հեռացնել անհնազանդներին, և դա վստահել մի մարդու, որը, լինելով դատավոր, անգամ իր վարույթում գտնվող գործերով նիստերին չի մասնակցել և համակարգում այնքան էլ լավ համբավ չի վայելում, բայց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հովանավորյալն է և քաղաքական կամակատարը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել