«Եթե պետության վախճանի թեմայով ողբերգական ֆիլմ նկարահանվեր, ապա, վստահաբար, Հայաստանի ԱԺ իշխանական մեծամասնության ծափերի դրվագը բոլոր նոմինացիաներում կհաղթեր՝ բառի վատ, խայտառակ ու ամոթալի իմաստով։

Այս իշխանությունն իր հետևից համատարած թողնելու է փլատակներ՝ տնտեսությունում, բանակում, ամենուր, սակայն քաղաքական պատասխանատվության և առհասարակ բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է։ Եվ սա է այսօր գլխավոր հարցը՝ ինչի՞ համար եք ծափ տալիս՝ պետության վախճանի՞։

Պատգամավորի մանդատը, նախարարի աթոռը և, թերևս, ամենակարևորը՝ պարգևավճարը, դարձել են այս մարդկանց խմբակի համար պետության վախճանի համար ծափ տալու փոխհատուցումը։

Բայց, միևնուն է, հետո գրոշի արժեք չի ունենալու «բա ի՞նչ անեինք, մենք դրա ձեռքը գերիներ էինք» բովանդակությամբ արդարացումները, քանի որ այդ կոլեկտիվ դըմփդըմփ-հու-ի մեջ խլացան Եռաբլուրի լուռ ձայները, ազգի բաց, արնահոսող վերքի մրմուռը, ի վերջո՝ հայրենիքի շունչը։ Ինչևէ, առաջ անցնենք։

Հաճախ ենք տեսել, թե ինչպես են հարևան երկու կին սուրճի բաժակի շուրջ ժամերով բամբասում։ Պատմում, թե «պողոսը» ինչ ասեց, ինքը ինչ պատասխանեց, հետո «պողոսը» ինչ հակադարձեց, ինքը ոնց «պողոսի պորտը տեղը դրեց»։ Համաձայն եմ՝ կողքից տհաճ տեսարան է։ Բայց երբ բամբասկոտ կնոջ կերպարի մեջ է մտնում երկրի ղեկավարը և նրա թիմը, դա պարզապես խայտառակություն է, աղետ։ Քանի կար, հոխորտում էր, թե «չկասկածեք գերագույն գլխավոր հրամանատարի ունակություններիս վրա», հետո թե՝ «բա վարչապետը մա՞րտ է ղեկավարում, ես ի՞նչ կապ ունեմ»: Էլ չենք խոսում տարբեր մակարդակի զրույցների, քննարկումների, նույնիսկ փակ նիստերի մանրամասների հրապարակման մոլուցքի մասին:

Հրեշավոր օպերացիա է կազմակերպում, որին զոհ է գնում 7-8 հարյուր զինծառայող, հետո ասում է, թե «ես մոդերատոր էի, գեներալներն են իրականացրել։ Ես ի՞նչ կապ ունեմ»։

Նիկո՛լ, ինչպես դու ես հաճախ ասում, «է, հա, ձե՞ռ ես առնում», բա դու, բացի աղետ ու արյուն բերելուց, ուրիշ բանի ընդունա՞կ ես։ Անմեղ երեխայի պես անընդհատ հարց ես տալիս, թե «ի՞նչն այնպես չեմ արել, ի՞նչն եմ սխալ արել»։ Ամեն ինչը... Իսկ ի՞նչն ես ճիշտ արել։ Գեթ մեկ օրինակ բեր։ Չկա այդպիսին, պարզապես չկա։ Ու այս ֆոնին է, որ վերադարձել ես մինչպատերազմական հոգեվիճակին ու հռետորաբանությանդ։ Խոսում ես ապագայից։ Ի՞նչ ապագա։ Ինչքան շատ ես ապագայից խոսում, այնքան այդ ապագայի տեսլականը խամրում է։ Հայ ազգը քո «զրոյական կետի» անդառնալի ողբերգական հետևանքներն արդեն ճաշակեց, բավ է։

Այո, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, վերածնունդ կապրեն, բայց մի փոքրիկ դետալ կա, որ հաշվի չես առել, Նիկո՛լ, այդ ապագայում դու և քո թիմը ապագա չունեք։

Եվ ի վերջո փոխիր «փչացած պլաստինկադ»։ «Նախկինների, թալանի, կոպեկ առ կոպեկի» մասին արդեն ուղեղ սղոցող, անբովանդակ ու էժան զրույցներդ էլ ոչ մեկի չեն հետաքրքրում, քանի որ մեր կորուստներն ու ապագայի անորոշություններն այդ էժանագին բամբասանքներով չես փոխհատուցի։

Այսպիսով, տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, հայկական երկու պետությունները, հայ ժողովուրդն ապրում են մեր պատմության ամենաողբերգական և ամենաամոթալի էջերից մեկը, բայց այդ ընթացքն ուղեկցվում է այս ամենի պատասխանատուների և մեղավորների բուռն ծափահարությունների ներքո։ Սա հակաբնական, հակաքաղաքագիտական, հակամարդկային և, ի վերջո, հակապետական ընթացք է, որը պետք է հայ հասարակությունը կանգնեցնի։ Մենք արդեն ոչ թե ընտրության, այլ խոր ճամփաբաժանի առաջ ենք՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ ապագա ունենալու շանս։ Ուրիշ այլընտրանք չկա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել