Armeniasputnik.am-ը գրում է․

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում խոստացել է, որ առաջիկում հանրությունը կտեսնի կոռուպցիայի ու ապօրինի հարստացման դեմ պայքարի իրական արդյունքները։ Տասնյակ քրեական գործեր առաջիկայում կուղարկվեն դատարան։ Բադասյանը խոսել է նաև առաջիկա ընտրություններից ու թե դրանց հնարավոր արդյունքի դեպքում ինքն իրեն որտեղ է տեսնում։

- Թերևս  սկսենք ամենահրատապ թեմայից. դատաիրավական բարեփոխումներ։ 2018թ–ին հեղափոխությունից հետո դատաիրավական բարեփոխումները սկսվեցին վեթինգով։ Այս պահին ո՞ւր ենք հասել ձեր գնահատմամբ։

- Բարդ հարց է։ Անընդհատ ասում ենք` սկսեցինք, բայց, կարծում եմ, պետք է ժամանակագրորեն ճիշտ պատկերացնենք, թե ինչից ենք սկսել ու ուր ենք հասել։ Ասում եք, որ դատաիրավական բարեփոխումները հրատապ թեմա են, այո՛, միանշանակ, հրատապ են։ Այսօր մեր հասարակությանը երևի ամենահուզող հարցերից մեկն է։ Բայց դատաիրավական բարեփոխումները նաև շարունակական ու համակարգային մոտեցում պահանջող երևույթ են։

Վեթինգի մասին շատ է խոսվում, շատ են շահարկումները։ Նախ` վեթինգի մի քանի «կտոր» արդեն ուժի մեջ են և գործում են. Դատավորների գույքային ստուգումը, այդ մասով կարգապահական վարույթների հարուցումը, առհասարակ կարգապահական վարույթների հարուցումը, այսինքն` ունենք արդյունքներ, ունենք դատավորների լիազորությունների դադարեցման դեպքեր։

- Թվային տվյալներ ունե՞ք։   

- Իմ հարուցած կարգապահական վարույթներն արդեն անցնում են 45-ից։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, նոր է սկսել, իհարկե, գործիքը կիրառել, բայց կարծում եմ, ճիշտ կլինի իրենք մեկնաբանեն, որովհետև մենք չենք տիրապետում այդ տվյալներին։

Կան նաև հարուցված քրեական գործեր` գույքային դրության ստուգման հիմքով, կարգապահական, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ։ Այսինքն` մասամբ գործում է։ Առհասարակ ի՞նչ է ասել վեթինգ։ Օրինակ` մենք ունենք մասնագիտական դատարանների ստեղծման նախագիծ` մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող, ենթամասնագիտացում ունեցող դատավորների, հակակոռուպցիոն դատարանի, որոնց կյանքի կոչումը, մենք կարծում ենք, որ էապես կազդի հանրային ընկալումների վրա և կբարձրացնի հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Ինչպես ես մշտապես նշել եմ` կոշտ վեթինգ կամ համատարած վեթինգ հնարավոր է իրականացնել սահմանադրական փոփոխություններով։ Եվ, ըստ էության, Սահմանադրության փոփոխությունների 7-րդ գլխի հատվածը ևս հայեցակարգային առումով պատրաստ է։ Իհարկե, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները, կարծում եմ, կշարունակվեն արդեն արտահերթ ընտրություններից հետո։

- Դատաիրավական բարեփոխումների թեմայում չենք կարող շրջանցել նաև ԲԴԽ նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Հանրության մի հատվածը սա մեկնաբանեց որպես քրեական հետապնդում այն բանից հետո, երբ ԲԴԽ նախագահը չենթարկվեց իշխանությանը։ Ձեր մեկնաբանությունն ինչպիսի՞ն է։ 

- Միգուցե հանրության հատված կա, որ այդպես է ընկալել։ Ես առնվազն չեմ նկատել։ Կարծում եմ՝ շատ է խոսվել իշխանություններին ցանկալի դատավորների մասին, հետո մեկ էլ ասում են` չէ, պարզվեց իրենց ցանկալի դատավորները չէին։ Այսինքն` փորձում են դատական իշխանության բոլոր գործընթացները ներկայացնել որպես իշխանության կողմից ինչ–որ քաղաքական պրոցեսների հատված։ Հետո հենց այդ շրջանակներն էլ արձանագրում են հակառակը։ Հետևաբար, խոսել քաղաքական հետապնդման մասին, կարծում եմ, ավելորդ է։ Սովորական պրոցես է, քրեական հետապնդում է սկսվել, և Դատական օրենսգիրքը կարգավորում է այդ դեպքում ինչ է տեղի ունենում։ Եվ ԲԴԽ–ն որոշումը կայացրել է. կասեցնել լիազորությունները։ Ոչ թե ինչ–որ մեկը ինչ–որ մեկին դարձնում է ԲԴԽ նախագահի Ժ/Պ, այլ դա էլ է կարգավորված օրենքով։

Կարծում եմ, այստեղ որևէ մտահոգություն չի կարող լինել, որովհետև հենց ԲԴԽ–ն է կասեցնելու որոշումը կայացրել, և, եթե ինչ–որ խախտում նկատեին մինչ այս տեղի ունեցած պրոցեսում, կարծում եմ, կարձագանքեին։ Ի վերջո, բոլոր գործերը քննվում են դատական համակարգում, որի անկախության մասով առնվազն նմանատիպ շրջանակները վերջին շրջանում կասկածներ չեն հայտնում։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել