Armenpress.am-ը գրում է․

Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին և նշել, որ տվյալ հարցի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Արմենպրես»-ի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Լեհաստանը հայ ռազմագերիների խնդրի հետ կապված, այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և իր վարչակարգը անընդհատ հայտարարում են, թե իբր իրենք ռազմագերիներ չունեն, իսկ Ադրբեջանում պահվողները «դիվերսատներ են»:

 «Մեր դիրքորոշումը և մեր կարծիքը  այն է, որ տվյալ հարցի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մեզ հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպատակ ունեն Երևան ժամանել: Լեհաստանը որպես ԵԱՀԿ անդամ պետություն աջակցում է այդ գործողություններին»,- ասաց Չեպլակը:

Մինչև այսօր Հայաստան է վերադարձվել 69 գերի, օրերս ազատ է արձակվել և Բեյրութ վերադարձել նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը: Մարտի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ հայտնել էր, որ ներկայում Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերու վերաբերյալ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել