Armenpress.am-ը գրում է.

Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ինքն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղյակ պահել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր խոսակցությունների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

«Իմ և ոչ միայն իմ հարցերին ի պատասխան, Օնիկ Գասպարյանն ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր խոսակցությունների մասին և ես բառացի գիտեմ, թե նա ինչ է խոսել, Սերժ Սարգսյանն ինչ է ասել, ես գիտեմ, որ 2020թ. նաև դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանն ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից և ես գիտեմ, որ պետական հեղաշրջման փորձի շրջանում Օնիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Այդ հանդիպումը եղել է նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Փաշինյանն այսօր հերքել է Գասպարյանի՝ 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին առաջարկի հայտարարությունը, վարչապետը նշեց, որ իրենք անհրաժեշտության դեպքում կգաղտնազերծեն 2020թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի համապատասխան հատվածը և կհրապարակեն:

2021թ. մարտի 10-ին Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատվել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել