Armeniasputnik.am-ը գրում է.

Խծաբերդից գերեվարված զինծառայողների հարազատները բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը։ Տեղեկությունը հայտնումէ Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

Տեղեկություններ կան, որ նրանք որոշել են հեռանալ ուժային կառույցի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո, որի մանրամասները հայտնի չեն:

«Առաջիկայում կանցնենք բնականոն աշխատանքի»,– Sputnik Արմենիային հայտնեցին մարզպետարանից։

Հիշեցնենք` Շիրակի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները երեկվանից փակել էին Շիրակի մարզպետարանի մուտքը: Երեկոյան թույլ էին տվել, որ կանայք դուրս գան շենքից, իսկ իրենք գիշերել էին մարզպետարանում: Նրանք ներկայացրել էին իրենց պահանջը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում և իրենց զինվորների հարցի լուծում։

Նշենք, որ ապրիլի 8-ին հայտարարված, սակայն չհաստատված գերիների վերադարձից հետո հարազատներն ավելի ակտիվ են սկսել բողոքի ակցիաները։ Շիրակի մարզում մի քանի անգամ ճանապարհներ են փակվել։

Ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։ Խծաբերդից գերեվարվել է մոտ 62 զինծառայող։ Բոլորը Շիրակի մարզից են։

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին։

Հիշեցնենք, որ ապրիլի 8–ին լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։

Նույն օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, թե գերիների հարցը լուծված է, Բաքվում այլևս չկան ռազմագերիներ, այնտեղ պահվում են մարդիկ, որոնք, իբր, անցել են սահմանը պատերազմի ավարտից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել