Մենք միայն մի հարցում ենք մեղավոր, որ 2.5 տարում չհասցրինք վերականգնել այն, ինչ 25 տարի շարունակ թալանվել էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Պարտության մեջ հիմնական մեղքի մասը նախկիններինն է, որոնք 25 տարի շարունակ առանց մի գրամ խղճի խայթի թալանել են, իսկ մենք միայն մեղավոր ենք, որ 2.5 տարում չկարողացանք բեկել ուժերի հարաբերակցությունը, որը ձևավորվել էր նախկին ապիկար իշխանությունների շնորհիվ»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:

Պատգամավորի հավաստմամբ՝ պատերազմն անխուսափելի է եղել, քանի որ բանակցային գործընթացը գտնվում էր արդեն իսկ փակուղում, և Նիկոլ Փաշինյանը տվյալ իրավիճակում ոչինչ չէր կարող անել:

«Երբ 2018 թվականին վարչապետ դառնալու ընտրության ժամանակ ԱԺ-ում Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ բանակցային գործընթացը փաստացի գտնվում է փակուղում, իսկ ինչ էր դրանից հետո տեղի ունենալու, եթե ոչ պատերազմ, երբ փաստացի ժառանգել էինք փակուղում գտնվող կարգավիճակ»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ գործող իշխանության բոլոր այն անդամները, որոնք չեն ծառայել, այդ ամենն արել են օրենքի պահանջներին համապատասխան, բայց նախկին իշխանությունների օրոք այդպես չի եղել: Նա նաև ընդգծեց՝  Ադրբեջանի և Հայաստանի ուժերի անհամադրելիությունը մեկ օր պետք է հասներ այս հանգուցալուծմանը:

«25 տարի շարունակ երկու փաստացի հակամարտող պետություններից մեկը, ունենալով նավթադոլարներ և խրված լինելով կոռուպցիայի մեջ, միևնույն է, զինվել է, զինել է իր բանակը, իսկ ՀՀ-ում փաստացի տեղի է ունեցել բանակի թալան և 25 տարվա արդյունքում գալու էր ու հասնելու էր ուժերի անհամադրելիության այնպիսի մի աստիճանի, որը բեկել, ցավոք սրտի, չհաջողվեց»,-նշեց նա:

Վահագն Ալեքսանյանը նաև մեկնաբանեց իր հայտարարությունը առ այն, որ իմքայլականներին համեմատել է Նիկոլ Փաշինյանի ուսապարկի հետ, Ալեքսանյանն ընդգծեց՝ իր խոսքում այլ իմաստ կար:

«Իմ գրոտեսկային համեմատությունը հասցեագրված է մի պատգամավորի, որը դավաճանել է իր քաղաքական թիմին, դավաճանել է այն ընտրողներին, որոնք նրան ձայն են տվել՝ լինելու նեցուկ այս քաղաքական թիմին, և եթե ես դավաճանեմ իմ քաղաքական թիմին, այն ընտրողներին, որոնք ինձ բերել են ԱԺ, ապա նման գրոտեսկային համեմատությունը տեղին կլինի նաև իմ նկատմամբ»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել