Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գոռ Մինասյանի կարծիքով հին աշխարհամասի այս առաջնությանը թիմը պատրաստ էր թե ֆիզիկապես, թե հոգեպես:

«Եվրոպայի առաջնությունում ցույց տվեցինք այն, ինչին ամիսներ շարունակ պատրաստվել էինք մարզումների ընթացքում: Լավ մարզավիճակում էինք թե ֆիզիկապես, թե հոգեպես: Մրցահարթակը ցույց տվեց մեր պատրաստվածությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի փոխչեմպիոնը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Մինասյանը շեշտեց, որ հստակ ոչինչ չկա, միայն ընթացիկ տարվա ավարտին կլինի աշխարհի առաջնությունը:

Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ քաշային  կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց  4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ: 89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների:  81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ՝ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: 96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ բարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չկարողացավ 215 կգ-ն: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գրանցեց 372 կգ արդյունք: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն: 109 կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում «զրո» ստացավ: Գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե, իսկ Վարազդատ Լալայանը` բրոնզե մեդալակիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել