Tert.am-ը գրում է.

Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գառնոն հայտարարել է Թուրքիա սպառազինություն և տեխնոլոգիաներ արտահանելու 29 թույլտվության չեղարկման մասին՝ նշելով, որ Գլոբալ գործերի վարչությունը հաստատել է, որ կանադական սարքավորումները կիրառվել են Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ընթացքում, հայտնում է The Global and Mail թերթը:

«Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր խիստ ռեժիմի համաձայն, Կանադայի կառավարությունը կասեցրել է ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման թույլտվությունները՝ մինչև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կանադական տեխնոլոգիան օգտագործելու մեղադրանքների վերաբերյալ հետաքննության արդյունքները», - ասված է Կանադայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ։

Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ կանադական արտադրության մեխանիզմները կիրառվել են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ, որոնցով պատերազմի ընթացքում ավիահարվածներ են հասցվել։ Թերթը նշել է, որ Կանադան հազվադեպ է նման թույլտվությունները չեղյալ հայտարարում և հավելել, որ այս որոշումը կարող է վնասել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ Կանադայի հարաբերություններին:

«Այս հետաքննությունից հետո, որի ընթացքում հայտնաբերվել են համոզիչ ապացույցներ այն մասին, որ Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիան օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում, ես հայտարարում եմ 2020 թվականի աշնանը դադարեցված թույլտվությունների չեղարկման մասին: Սպառազինության օգտագործումը չէր համապատասխանում Կանադայի արտաքին քաղաքականությանը, և ոչ էլ Թուրքիայի կողմից տրված վերջնական օգտագործման երաշխիքներին», - նշել է Կանադայի ԱԳ նախարարը։

Երեկ հրապարակված զեկույցում նշվում է, որ կան «հավաստի ապացույցներ» այն մասին, որ կանադական արտադրության սարքավորումներով արտադրված թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերն ապօրինի կերպով կիրառվել են Լեռնային Ղարաբաղյան պատերազմում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել