Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ ապրիլի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 22:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած Mercedes CLՏ 550 մակնիշի 01 MՏ 333 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտայում, «Երևան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:  

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Գրիգոր Գրիգորյանն ու Սամսոն Սահակյանը:   Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:   Վարորդը ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչ Դավիթ Ավալյանի կողմից ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ վարորդը եղելէ սթափ:  

Շտապօգնություն զանգահարելուց հետո վարորդը զանգահարել է նաև ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն:   Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:  

Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են մահացածի ինքնությունը:   Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է, որն այսօր էր ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ վերադարձել Երևան՝ Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո:   Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել