168.am-ը գրում է․

Ադրբեջանում մնացած հայ գերիների հարցը Ռուսաստանի համար առաջնահերթ հարց է.  այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և հավելել. «Գերիների խնդրի մասին խոսում են թե՛ մեր ղեկավարությունը, թե՛ խաղաղապահները։ Տարվում են աշխատանքներ, կա որոշակի առաջընթաց»։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Ադրբեջանում գտնվող հայ գերիներին  վերադարձնելու համար  անհրաժեշտ ու հրատապ  քայլերի մասին, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը նշեց, որ այդ ուղղությամբ քայլեր չեն արվում, որի պատճառը մեկն է՝ դրանք այս իշխանության համար պարզապես անհրաժեշտություն չեն։

Ըստ նրա՝ հայ գերիների վերադարձի մասին ապատեղեկատվության տարածումն ու գերիների ծնողների կողմից Պաշտպանության նախարարության առաջ բողոքի ակցիաներն իրականացնելն  էլ ընդամենը վկայում է, որ բողոքի ակցիաներն ուղղորդվում են իշխանության կողմից, որպեսզի թիվ մեկ պատասխանատուի վրայից սլաքները շեղեն այլ ուղղությամբ՝ առանց հասկանալու, որ գերիների վերադարձի համար թիվ մեկ  պատասխանատուն հենց Փաշինյանն է։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ գերիների վերադարձի համար Ադրբեջանի դեմ հայկական կողմը որևէ հաղթաթուղթ չի օգտագործում՝ մասնավորապես, արգելք չի սահմանում Ադրբեջանի համար հայկական կողմի որոշ ճանապարհահատվածներում, Գագիկ Մինասյանը պատասխանեց.

«Ինչպես այսօր, այնպես էլ սրանից ամիսներ առաջ բազմաթիվ քայլեր կարելի էր անել գերիներին վերադարձնելու համար։ Բերեմ մեկ օրինակ՝ պետք է ասել՝ վերջ, Մարտակերտով Քարվաճառ չեք գնալու, քանի դեռ Ադրբեջանում անգամ մեկ գերի ունենք։ Այնպես որ, գործիքները շատ են։ Այս իշխանությունը չի դիմում այդ գործիքներին, որովհետև Փաշինյանն այս երկրի ղեկավարը չէ, Փաշինյանն այս ժողովրդին սովորեցնում է, որ իրենից որևէ բան կախված չէ, որ  ամեն ինչ կախված է Ադրբեջանից և Թուրքիայից, որոնք վաղը պետք է որոշեն մեր տնտեսության, ներդրումների և մեր կյանքի հետ կապված շատ այլ հարցեր»:

Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը կգնա իրեն պարտադրվող տարածքային լրացուցիչ զիջումների՝ գերիների վերադարձի դիմաց, և արդյո՞ք իր քավոր Վահե Ղալումյանին Տավուշի մարզպետ նշանակելու որոշումը կարելի է  դիտարկել Տավուշի մարզից Ադրբեջանին հնարավոր զիջումներ անելու կոնցեպտի համատեքստում, Գագիկ Մինասյանը պատասխանեց.

«Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզպետ է նշանակել մի մարդու, որը, երկու տարի է՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր և չուներ հնարավորություն Իջևանի քաղաքապետ դառնալու համար, ու հենց այդ պատճառով էր, որ երկու տարի է՝ ընտրություն տեղի չէր ունենում։ Հիմա Փաշինյանը նշանակեց նրան Տավուշի մարզպետ, հետևաբար, ամեն բան այս անձնավորությունից ես սպասում եմ։ Փաշինյանից ամեն ստորություն սպասում եմ։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշեն, որ պետք է օգտագործեն այս դավաճանին հաջորդ իշխանության համար, ապա արտահերթ ընտրություններից առաջ ամեն ինչ էլ կարող են անել՝ օրինակ, գերիներ վերադարձնեն»,- ասաց Մինասյանը։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների հնարավորությանը, ապա  Գագիկ Մինասյանը նշեց, որ չի բացառում, որ Փաշինյանը վերջին րոպեին որոշի ընտրություն չանել և մնալ վարչապետ, ինչը կարող են կանխել խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝անվստահություն հայտնելով Փաշինյանին և վարչապետի այլ թեկնածու ընտրելով։

«Եթե Փաշինյանը հրաժարական տա, ապա խորհրդարանական ընդդիմությունը կարող է իրականացնել «Հայրենիքի փրկության շարժման» ծրագիրը, որովհետև կան  շատ իմքայլականներ, որոնք դժգոհ են և կարող են Փաշինյանի հրաժարականին  հաջորդող 14 օրերի ընթացքում ընտրել վարչապետի այլ թեկնածու։ Այսօր պետք է խոսենք հետևյալի մասին՝ արդյո՞ք հականիկոլական ուժերը կգտնվեն մի ճամբարում, կպահպանեն իրենց այդ ճամբարում, թե՞ լինելու են ճամբարափոխներ, սա է կարևոր  հարցը»,- ասաց նա։

Գագիկ Մինասյանն անդրադարձավ նաև խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի որդու հարսանիքին հաջորդած աղմուկին ու Ծառուկյանի շուրջ քննադատությանը։

«Որևէ մեկը չի ասում, որ չի կարելի հարսանիք անել, բայց ամեն ինչ պետք է լիներ այս վիճակին համահունչ։ Գագիկ Ծառուկյանն այդ դեպքում չէր դառնա քննադատության թիրախ։  Որոշ մարդիկ ուզում են այդ փաստն օգտագործելով՝ մոռացնել տալ այս իշխանությունների կողմից իրականացված շատ այլ այլանդակություններ, շքեղություններ։ Մենք հո չե՞նք մոռացել, որ հենց այդ դավաճանը եկավ իշխանության, ահավոր մեծ գումարներով վերանորոգվեց այն բնակարանը, որտեղ պետք է ապրեր, հո չե՞նք մոռացել, որ ահավոր թանկ մեքենաներ էր գնում, այնպես որ, եթե պարոն Ծառուկյանն այդ շքեղությունն արել է իր աշխատած փողերով, ապա այս իշխանությունը շքեղությունների է տրվել պետության՝ հարկատուներիս վճարած գումարներով, հետևաբար՝ հիմա նախընտրական տրամաբանությամբ սևացնում են այս իշխանության մրցակիցներին»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ կոչ անելով Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի հրավառությունը քննադատելուց առաջ նախ հիշել, որ այս իշխանության դավաճանության արդյունքում է գոյացել մի նոր Եռաբլուր, հետևաբար՝ չի՛ կարելի մեր թշնամուն մատնացույց չանել, փոխարենը՝ քննադատել Գագիկ Ծառուկյանին։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել