Armeniasputnik.am-ը գրում է.

Ադրբեջանում մնացած հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է։ Այս մասին «Մոսկվայի տանը» լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Գերիների խնդրի մասին խոսում են թե՛ մեր ղեկավարությունը, թե՛ խաղաղապահները։ Տարվում են աշխատանքներ, կա որոշակի առաջընթաց։ Գերիների հարցը Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից է», - ասաց նա։

Հայաստան վերադարձած գերիներ, արխիվային լուսանկար
Անդրադառնալով ադրբեջանական ղեկավարության հայտարարություններին, որ գերիների հարցը արդեն լուծված է` ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասաց, որ ռուսական կողմը շարունակում է աշխատանքներ տանել գերիների վերադարձի ուղղությամբ։

«Ինձ համար բարդ է Ադրբեջանի հայտարարությունները մեկնաբանելը, կարող եմ ասել միայն, որ Ռուսաստանը շարունակում է աշխատանքները», - ասաց նա։

Նա հաստատեց, որ գերիների վերադարձի ուղղությամբ շարունակելու է զբաղվել անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։

Ապրիլի 8–ին լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։

Նույն օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, թե գերիների հարցը լուծված է, Բաքվում այլևս չկան ռազմագերիներ, այնտեղ պահվում են մարդիկ, որոնք իբր անցել են սահմանը պատերազմի ավարտից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել