Ամերիկյան երկու խոշոր ընկերություն միավորվել են, որպեսզի պլաստիկից ԱՄՆ հարավ-արևմուտքում կառուցեն ամբողջական թաղամաս: Նոր «տպագրված» բնակավայրը կգտնվի Կալիֆորնիա նահանգի Րիվերսայդ շրջանի Ռանչո-Միրաժ քաղաքի մերձակայքում: Փորձնական պոլիգոնում համատեղ գործունեություն կծավալեն Palari անշարժ գույքի գործակալությունն ու Mighty Buildings շինարարական կազմակերպությունը: 

Ընկերությունները միավորվել են, որպեսզի կառուցեն և վաճառքի հանեն 3D տպիչ սարքով պատրաստված տները: Միաժամանակ աշխատանքներ են տարվում այդ կառույցներն ինքնուրույն վարչատարածքային միավորում առանձնացնելու ուղղությամբ: Նախագծի հեղինակներն իրենց աշխատանքի ապագա արդյունքն անվանում են «ապագայի քաղաք»: 

Տների համար նախատեսված դետալներն սկսել են արտադրել հատուկ գործարանում: Կոմպլեկտացիայից հետո դրանք կուղարկվեն այն հողատարծքներ, որոնք նախապես առանձնացված են տների համար: Ընկերությունները վստահեցնում են, որ նման կառույցները նվազագույն ներդրումներ են պահանջում: Միաժամանակ տները ոչ պակաս հարմարավետ են ապրելու համար, քան փայտե, պանելային կամ քարե տները: Բացի դրանից, նոր շինությունների պատրաստման նյութն անվնաս է շրջակա միջավայրի համար:

Mighty Buildings-ի ղեկավար և հիմնադիր Ալեքսեյ դուբովը հուսով է, որ տները դուր կգան իրենց բնակիչներին, իսկ ընկերության համար կառուցապատման  նման տեխնոլոգիան այսուհետ առաջնահերթ կդառնա, քանի որ պարզ է և քիչ ռեսուրսներ պահանջող: 

«Տպագրվող» տներում հնարավոր կլինի բնակություն հաստատել արդեն հաջորդ տարի: Մեկ ընտանիքի համար նախատեսված ստանդարտ տունը նախնական մոտավոր հաշվարկներով կարժենա 595 հազար դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել