Hraparak.am-ը գրում է.

Հայաստանի իշխանությունները որոշել են խաղալ հասարակության, հատկապես անհետ կորածների եւ գերիների հարազատների էմոցիաների հետ: Նրանք նախ ժամանակից շուտ հայտարարեցին, թե ռուս գեներալ Մուրադովի օդանավով Բաքվից հայ ռազմագերիների հերթական խումբն է վերադառնալու Հայաստան, բայց պարզվեց, որ կեղծ տեղեկություն է, իրենց սովորության համաձայն՝ հերթական անգամ խաբեցին ժողովրդին՝ հոգեբանորեն ծանր վիճակի մեջ դնելով զավակներին սպասող ծնողներին: Իսկ ինքը՝ Մուրադովը, երեկ մեր լրագրողի հարցին, թե ինչ կարող է ասել գերիների վերադարձի մասով, ասել էր, թե դա պրովոկացիա է, մեր իշխանությունները մոլորության մեջ են գցում հանրությանը:

Այս ամենից զատ, լուրեր կային, որ Մուրադովի հետ օդանավում հայ գերիների փոխարեն ադրբեջանցի պաշտոնյաներ են եղել, որոնք եկել են Մեղրիում Ադրբեջանին տրվող ենթադրյալ ճանապարհի չափագրումներն անելու, տեղանքն ուսումնասիրելու նպատակով: Երեկ ամբողջ օրը իշխանությունները լռում էին: Այդ կեղծ լուրը տարածած անձանցից միակ մեկնաբանությունը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակի կողմից եղավ, թե գերիների վերադարձը հետաձգվում է հակառակորդի՝ պայմանագրի կետերը չկատարելու պատճառով, եւ որ ավելացնելու ուրիշ բան չունեն:

Մեզ երեկ հաջողվեց այս թեմայով մի քանի հարց ուղղել Նիկոլ Փաշինյանի կառավարության մյուս փոխվարչապետին՝ Մհեր Գրիգորյանին, ով նաեւ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավարն է: 

- Պարոն Գրիգորյան, ճի՞շտ է, որ Մուրադովի հետ օդանավում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, որոնք գնացել են Մեղրի՝ ինչ-որ ճանապարհի հարց քննարկելու:

- Բացարձակ սուտ է, չկա նման բան:

- Այսինքն՝ Մուրադովի հետ այլ անձինք չե՞ն եղել:

- Ես, ճիշտն ասած, իր կազմը չգիտեմ, բայց որեւէ պատվիրակություն կամ անձ, որը կվերաբերի ապաշրջափակման գործընթացին, գոյություն չունի նման բան:

- Իսկ գերիների վերադարձի հետ կապված՝ կառավարությունն ի՞նչ կարող է ասել, որ հայտարարում են՝ գալու են, հետո պարզվում է՝ սուտ է, Մուրադովն էլ բավականին կոշտ արտահայտվեց, որ դա պրովոկացիա էր, եւ Հայաստանի իշխանությունները մոլորության մեջ են գցում հանրությանը:

- Ճիշտն ասած՝ ծանոթ չեմ, թե ինչ է ասել:

- Տեսանյութ կա համացանցում, մեր թղթակցին է հյուրանոցից դուրս գալիս ասել, որ ի սկզբանե գերիների վերադարձի հարց չի եղել:

- Խնդրում եմ՝ չմեկնաբանեմ, որովհետեւ ծանոթ չեմ, էլի, կոնտեքստից դուրս պատասխաններ չտամ: Իսկ առաջին հարցի հետ կապված՝ վստահաբար ասում եմ, որ նման բան չկա, գոյություն չունի: Դա անհիմն, սուտ տեղեկություն է:

- Այսինքն՝ ադրբեջանցիներ չե՞ն եկել նրա հետ:

- Ոչ, իհարկե, ոչ:

- Իսկ ինչպե՞ս իմանանք՝ ով է եկել Մուրադովի հետ Հայաստան, որեւէ մեկն ինֆորմացիա չի տալիս, Դուք միակ պաշտոնյան եք, որ պատասխանում է հարցերին:

- Իհարկե, պետք է պատասխանենք, ու թաքցնելու որեւէ բան էլ չկա, բայց ես ուղղակի չգիտեմ՝ իր հետ մարդ եկե՞լ է ընդհանրապես, թե՞ ոչ: Իսկ Դուք ինչո՞ւ եք պնդում, որ ինչ-որ մարդ է եկել իր հետ, ինքը նման բա՞ն է հայտարարել: Եթե ինքը նման բան է հայտարարել, կարող եք պաշտոնապես իրենից ճշտել, թե ով է իր հետ եկել, որովհետեւ ես չեմ կարծում, որ իր հետ պետք է մարդ գա ինչ-որ գաղտնի կամ ինկոգնիտո ձեւաչափով: Չի կարող նման բան լինել:

- Բայց պետք է գերիներ գային, որոնք չեկան:

- Բան չունեմ ասելու, էդ մասով համաձայն եմ: Բայց առաջին հարցի հետ կապված՝ կարծում եմ, որ չի կարող նման բան լինել ընդհանրապես:

- Իսկ գերիների մասով ի՞նչ կարող եք ասել, ինչո՞ւ չեկան, ինչո՞ւ կառավարությունը շտապեց՝ խաղալով բազմաթիվ ծնողների եւ հասարակության էմոցիաների հետ, եթե վստահ չէին, որ գալու են:

- Ես էդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ իրավիճակին ավելի լավ կծանոթանամ եւ խոստանում եմ՝ հնարավորության դեպքում կարձագանքեմ: Բայց այդ ծանր հարցին էսպես չեմ կարող պատասխանել:

- Մի բան էլ՝ ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հանդիպումների մասով․ ի՞նչ նորություն կա:

- Վերջին տեղեկությունները հետեւյալն են. էս պահին աշխատում են ենթախմբերի փորձագետները: Երկու ենթախմբի փորձագետներն էլ աշխատում են, թե՛ տեխնիկական իմաստով ենթակառուցվածքների հետ կապված հնարավորությունները եւ տեխնիկական վիճակն ու տեխնիկական հնարավորությունները ճշտելու իմաստով եւ թե՛ իրավական կարգավորումներն ԱՊՀ երկրների նորմատիվ բազայի եւ միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների շրջանակներում կարգավորման հնարավորությունները:

- Իսկ Տավուշի հատվածով ապաշրջափակման վերաբերյալ քննարկում կա՞:

- Ես, ինչպեսեւ ասել եմ, բոլոր ուղղություններով՝ այո, կա:

- Այսինքն՝ ադրբեջանցիները դեմ չե՞ն Տավուշով ճանապարհների ապաշրջափակմանը:

- Էս պահին դեռեւս կողմ եւ դեմ լինելու՝ մեր կամ ադրբեջանցիների մասին չեմ կարող խոսել, էս պահին քննարկում ենք հնարավոր ուղղությունները:

- Բայց մեր կողմից բարձրացվե՞լ է այդ հարցը, որ միայն Սյունիքով չլինի:

- Իհարկե, բարձրացվել է, ո՞նց կարող է չբարձրացվի:

- Իսկ կա՞ մեր կողմից անընդունելի պայման, որն իրենք են առաջադրում, օրինակ՝ Սյունիքով որեւէ ճանապարհի ապաշրջափակում:

- Էս պահին դեռեւս ես նման հարցի պատասխան չեմ կարող տալ, որովհետեւ աշխատանքի տրամաբանությունը հետեւյալն է․ նախ բոլոր տեխնիկապես ու ֆիզիկապես հնարավոր ուղիների փորձաքննությունը պետք է արվի, որպեսզի վստահ լինենք, որ ֆիզիկապես դա հնարավոր է, եւ, իհարկե, իրավական գնահատականները պետք է տալ՝ հնարավո՞ր է այդ ուղին կարգավորել լիարժեք, թե՞ ոչ՝ շարժը անվտանգության եւ մնացած բոլոր հարցերը, որից հետո արդեն կսկսվեն ուղիների ընտրության եւ հերթականության հարցերի քննարկումները:

- Ե՞րբ է եղել վերջին հանդիպումը, եւ ե՞րբ է նախատեսվում հաջորդը:

- Վերջին հանդիպումը եղել է երկկողմ ձեւաչափով՝ Հայաստան-Ռուսաստան, իմ կոլեգան՝ Ռուսաստանի փոխվարչապետը, վերջին անգամ ապրիլի 6-ին էր այստեղ, եթե չեմ սխալվում: Իսկ հաջորդ հանդիպումը՝ արդեն եռակողմ, աշխատանքային կարգով կպայմանավորվենք, դեռեւս պայմանավորված ամսաթիվ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել