Այսօր հերոս Նարեկը կդառնար 20 տարեկան։ Քրոջ հուզիչ գրառումը։ Ծնունդդ շնորհավոր իմ կյանք, իմ արև, իմ Նարեկ։ Այսօր կդառնայիր 20 տարեկան...միասին որոշել էինք, որ կգանք Արցախ քեզ մոտ տոնելու 20 ամյակդ... կգրկեինք քեզ, ամուր ամուր։ Կշնորհավորեինք տարեդարձդ, կվայելեինք ներկայությունդ ու զրնգուն ծիծաղդ՝ մեզ ծանոթ ու հարազատ ծիծաղդ, կլսվեին ուրախ ձայնիդ պարզ հնչյունները, իսկ հետո այդ ամենը մեզ հետ տուն կբերեինք՝ նորից կսկսեինք հաշվել օրերն ու ժամերը սպասելով տուն վերադարձիդ, իսկ հիմա ծնկել ու արտասվում եմ՝ բառերի փոխարեն արցունքներն են խոսում, կապույտ երկնքի տակ ձեռքերս եմ պարզում , փարվում քեզ ու ասում ՝ ծնունդդ շնորհավոր մեր ժպտադեմ հրեշտակ, դու մեր ներկա հիշողություն, մեր կորցրած գանձ... որքան էլ շուրջս բարի ու կամեցող մարդիկ են կանգնած, մեկ է, շրջապատս դատարկ է առանց քեզ Նարս, կարոտել եմ շաաատ Միշտ մտածում էի ինչ նվիրեմ քեզ, որ ուրախացնեմ , իսկ այժմ...ուզում եմ քեզ կյանք նվիրեմ, սակայն անկարող եմ, դու ես քո կյանքը նվիրել մի ողջ ժողովրդի, քո ամենաթանկը նվիրել հայրենիքին, և բոլորը պարտք են քեզ իրենց խաղաղ օրերի համար։ Իմ ազնվագույն հերոս։ ...Պատերազմը երբեք չի դառնա անցյալ, երբ նա ապագա է խլել։ Գեղեցիկ ու յուրահատուկ պատանի էր, սեր էր, կյանքով լեցուն, սիրված ու հարգված բոլորի կողմից , անչափ բարի ու համեստ։Նա երբեմն քչախոս ու լուրջ էր, երբեմն էլ՝ կատակասեր ու ազատ։ Իդեալական կերպար էր, իր մեջ ամփոփված էր մարդկային բոլոր բարձր հատկանիշները։ Այնքան սեր ու բարություն կար նրա հոգում, որ կհերիքեր ամբողջ աշխարհին։ Սիրահարված էր կյանքին, կյանքը սիրում էր իր բոլոր գույներով։ Ապրած 19 գարունների ընթացքում հասցրեց ավելին,քան շատերը՝ տասնամյակներում։Ուներ բարձր ինտելեկտ,մաթեմատիկական մտածողություն,ճշգրիտ տրամաբանությամբ կարողանում էր շփվել հավասարը հավասարի հետ։ Բարձր առաջադիմությամբ էր սովորում դպրոցում։ Շատ հետաքրաքրասեր, տաղանդաշատ ու խելացի էր Նարեկը,ձգտում էր սովորել ավելին, ինքնակրթվում ու զարգանում էր։ Տիրապետում էր մի քանի լեզուների՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն։ Սիրում էր նաև ստեղծագործել , մտքերն ու խոհերը հանձնում էր թղթին։ Հետաքրքրությունը գրքերի հանդեպ անսահման էր, սիրում էր կարդալ։ Կարդում էր բոլոր ժանրերը, սակայն ավելի շատ հետաքրքրված էր արկածային գրականությամբ։ Ամեն ինչ հասցնում էր Նարեկը, հայկական վիքիպեդիայում կամավորական էր, բազմաթիվ հետաքրքիր հոդվածների հեղինակ էր։ Աչքի էր ընկնում իր կրեատիվ, խելացի մտքերով։ Նարեկը նաև սպորտի մեծ սիրահար էր։ Շախմատիստ էր, պաշտում էր շախմատ խաղալը։ Մասնակցում էր մրցույթների ու հաղթում։ Ֆուտբոլն իր տարերքն էր, գիտեր գրեթե բոլոր ակումբների մասին, ինչպես նաև սիրում էր ֆուտբոլիստների կյանքն ու կենսագրությունը մանրամասնորեն ուսումնասիրել, սակայն չէր բավարարվում միայն ինտերնետային նյութերով, կարդում էր նաև նրանց կենսագրական գրքերը։ Դպրոցական տարիներին բազմաթիվ միջոցառումների ակտիվ մասնակից էր ու իր տեսակով այդ միջոցառումներին գույն տվողը։ Կերտել է բազմաթիվ կերպարներ ներկայացումներում՝ «Ջալալեդի», « Վահան Տերյան», «Կոմիտաս» ու արժացնել բազմաթիվ պատվոգրերի։ Հայրենիքն իր համար մեծագույն արժեք էր,հերիք է հիշել միայն նրա շուրթերից հնչող հայ մեծերի բանաստեղծությունները՝ ձայնի յուրահատուկ հնչերանգով, հույզի փոխացմամբ իր լսարանին։ Նարեկի սերը դեպի հայրենիք շատ ամուր հիմքեր ուներ, հայրենասիրական ոգով էր դաստիարակված, խիզախ էր ու հայրենասեր։ Բավականաչափ գիտելիքներ ուներ այդպիսին լինելու համար, ուսումնասիրել էր ողջ հայոց պատմությունը, կարդացել մեծն գրողների պատմավեպերը։ Պատերազմի մասին կարդացել էր գրքերից, 2016 ապրիլյան էլ վրեժն արթնացրեց իր մեջ ոսոխի հանդեպ, որովհետև մեծ ցավ էր ապրում նահատակված հերոսների անունը լսելով։ Այդ ժամանակ դեռ 15 տարեկան էր, ամեն կերպ փորձում էր մեկնել ռազմաճակատ, ուզում էր լինել տղերքի կողքին, երբ ծնողներն ասում էին. «Դու փոքր ես, ինչ ես անելու,որ գնացիր»,- Նարեկն ասում էր. «Տղերքի կողքին կլինեմ, զենք կտանեմ, փամփուշտ կտանեմ, հաց կտանեմ »։ Եվ ահա եկավ Նարեկի վրեժ լուծելու հերթը, այս անգամ ոչ թե որպես զենք տանողի, այլ զենքը ձեռքին թշնամու դեմ կռվողի։ 2019 թ. հուլիսի 1 զորակոչվեց հայոց բանակ։ Ծառայեց Արցախի Հադրութ քաղաքում։ Նա լցված էր լավատեսությամբ, երբեք չի դժգոհել ծառայությունից, աչքի էր ընկել բարձր պատասխանատվությամբ, կրակային պատրաստվածությամբ, հարգված ու սիրված էր հրամանատարների կողմից։ Ամեն անգամ մեծ ոգևորությամբ էր խոսում հայոց բանակից, հպարտանում էր, որ կրում է հայ զինվորի համազգեստը ու զենքը ձեռքին պաշտպանում հայրենիքի սահմանները։ Ծառայեց 14 ամիս խաղաղ երկնքի տակ, իսկ 14րդ ամսի 27-ի արշալույսը խաղաղ չէր: Պատերազմ, չարիք, որը կանգնեց Նարեկի և իր երազանքներ տանող ճանապարհի կենտրոնում: Պատերազմի ընթացքում 16 օր լինելով ամենաթեժ կետերից մեկում՝ Վարանդայի(Ֆիզուլիի)առաջնագծում, կռիվ է տվել թշնամու դեմ, պաշտպանելով հայրենի հողը: Օգնել վիրավոր ընկերներին դուրս բերել մարտի դաշտից, կատարել շատ բարդ մարտական խնդիրներ, խոցել է թշնամու մեծաքանակ կենդանի ուժեր։ Կանգնելով ու նայելով մահվան աչքերին չի լքել իրեն վստահված դիրքը հոկտեմբերի 13-ին ծանր վիրավորում է ստացել թշնամու ԱԹՍ հարվածից և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին ՝ անմահացել հերոսը։ Բացառիկ բարի,ազնիվ հոգու տեր հերոսը ընկեր էր, մարդ,ով օգնում էր ընկածին բարձրանալ, ով երբեք չէր ծաղրում ու վատը չէր խոսում ոչ ոքի մասին, ով անմնացորդ նվիրված էր ընտանիքին, ընկերներին, հայրենիքին ու իր գաղափարներին։ «Պետք է ապրես ներկայով, տվյալ օրով,ոչ ոք չգիտի, թե ինչ է պատրաստել կյանքը իր համար վաղը» ,- ասում էր Նարեկը։ Նա ապրեց ներկայով, նվիրեց իր կյանքը մեզ ու հայրենիքին՝ պարգևելով խաղաղ երկինք: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն»մեդալով։ Հերոսն իր պատվավոր տեղն ունի Երևանի պետական համալսարանի և հարազատ դպրոցի անմահ հերոսների շարքում։ Փառք ու պատիվ սիրելի հերոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել