Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը: Այս մասին տեղեկացնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը:

«Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում:

Դրամաշնորհը հատկացվելու է Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց վիրահատությունների իրականացման նպատակով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» կողմից անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը՝ միտված հայ զինվորի կյանքի որակի բարելավմանն ու հասարակությանը վերաինտեգրմանը»,- ասված է Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել