Shamshyan.com-ը գրում է․

Քիչ առաջ կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր»  կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիները ստացել են հրազենային և սուր, կտրող–ծակող առարկայի  հարվածից ստացած վնասվածքներ:

Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի  ծառայողները՝  Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ  Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, ստեղծել են օպերատիվ-հետախուզական խմբեր և պարզում են, թե որ հիվանդանոցներ են տեղափոխվել վիրավորները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել Կարմիր բլուր գերեզմանոցի մոտ գործող սգո սրահներից մեկի դիմաց և այս պահին նշված վայր է  ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:  Ոստիկաններն ու քննիչները  սպասում են նաև, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Գ. Շամշյանի  տեղեկություններով՝  վարկածներից մեկով՝ այս կրակոցները կապ ունեն ամիսներ առաջ Երևանի Մայիսի  9-ի փողոցում հրազենի գործադրմամբ  տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ:  Տեղում է նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը:

 Այս պահին Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի գլխավորությամբ, դեպքի վայրի զննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ և արնանման հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր, վարորդի նստատեղի վրա հայտնաբերվել  է կրակված գնդակ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes–ի վարորդը  ոչ մի կապ չունի նշված միջադեպի հետ, նա եկել է իր հարազատի  հոգեհանգստի արարողությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել