Armenpress.am-ը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի  պաշտոնակատար Արթուր Ճաղարյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Շնորհակալություն հայտնելով Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին համայնքի ղեկավարման ընթացքում արդյունավետ աշխատանքի համար, նախարարը հույս է հայտնել, որ նոր նշանակումների արդյունքում սահմանային մարզի զարգացմամբ էլ ավելի կամրապնդվի Տավուշի մարզի և Իջևան քաղաքի միջև կապը:

Նախարարը հաջողություն է մաղթել Արթուր Ճաղարյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում,  միաժամանակ հորդորելով աշխատակազմին՝ աջակցել նորանշանակ պաշտոնակատարի գործունեությանը և որպես պետական կառավարման կարևորագույն օղակի ներկայացուցիչներ՝ նպաստել երկրի կայունությանն ու առաջընթացին:

Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև Իջևան համայնքի խոշորացման գործընթացով պայմանավորված  առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունները և դրանց ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները:

Իջևանի  համայնքապետի  պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաղաքի առջև ծառացած բոլոր խնդիրները կլուծվեն համագործակցության մթնոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել