Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է թատերարվեստի մի շարք գործիչների: Շնորհավորելով մասնագիտական օրվա՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց մշակութային հարուստ ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Հայկ Մարությանը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են համայնքապատկան թատրոնների զարգացմանը, վերազինմանն ու վերանորոգմանը։

Երևանի քաղաքապետի որոշմամբ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, բարձր վարպետության և թատերարվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետը ոսկե մեդալով է պարգևատրել բեմադրիչ, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանին և դերասան, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Նավասարդյանին:

Թատերարվեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել