Hraparak.am-ը գրում է.

Պաշտպանության նախարարությունում արգելափակված առնվազն 80 աշխատակցի հաջողվել է դուրս գալ շենքից: Նրանք տարածքը լքել են ուղղաթիռով: Մեր «տեղեկատուն» ևս ազատագրվածների մեջ է: Վերջինիս փոխանցմամբ՝ ուղղաթիռն ամեն չվերթին տարհանել է մոտ 25 հոգու: Երբ 4-5 չվերթից հետո ՊՆ տարածքը շրջափակած գերիների ու անհետ կորածների ծնողները հասկացել են, որ շենքը կամաց-կամաց դատարկվում է, սկսել են բենզինով լցված ինքնաշեն պայթուցիկներ նետել ուղղաթիռի համար նախատեսված հրապարակ: 

Ծնողների այդ քայլից հետո ուղղաթիռն այլևս վայրէջք չի կատարել ՊՆ տարածք: «Վախեցան, որ պայթուցիկները կարող են ընկնել ուղղաթիռի վրա, ինչի պատճառով տարհանումը դադարեցվեց: Բայց ՊՆ-ում ավելի քան 3000 աշխատող կա, ո՞նց է լինելու մնացածի վիճակը»,-ասաց նախարարության աշխատակցուհին:

Մենք զրուցեցինք նաև Էջմիածնի քիմիական զարամասի ծառայող, անհետ կորած Վարդան Ադոյանի մոր՝ Անահիտ Ադոյանի հետ՝ հասկանալու համար, թե՝ մինչև ե՞րբ են պատրաստվում փակ պահել ՊՆ մուտքերը: Պարզվեց՝ տիկին Անահիտն ակցիային չի մասնակցում: «Երբ հասկացա, որ երևույթը քաղաքականացնում են, հրաժարվեցի ակցիայից: Գերիների ու անհետ կորածների անվան տակ կուսակցություն են բացել, մտնում են քաղաքականություն, մասնակցելու են ընտրություններին: Եթե իրենց ուզածն իրոք որդիներին գտնելն է, թող գտնելուց հետո քաղաքականություն մտնեին, իսկ ինչ անում են հիմա՝ չեմ հավատում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել