Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 8-ին, ծնողի հետ Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Գրիգոր Գրիգորյանը և հայտնել, որ ապրիլի 5-ին Գուրգեն Մահարու փողոցում ինքն է վարել Hyundai մակնիշի ավտոմեքենան, որը վթարի է ենթարկվել։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 5-ին խոշոր ու կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:00-ի սահմաններում Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենան Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 101 տան երկաթե դարպասներին, այնուհետև առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա:  

Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:  

Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը  տեղեկությունը փոխանցել էր ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել էր դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանն ու ավագ տեսուչ  Շահեն Միսկարյանը:  

Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն դեպքի վայրում վիրավոր մարդ չէր հայտնաբերվել:  

Ոստիկանությունը պարզում էր ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: Վթարի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով բնակիչներ, այդ թվում՝ ավագ սերնդի ներկայացուցիչներ,  արդարացիորեն բարձրաձայնել էին՝ ասելով. «Էս փողոցը որոշ վարորդների համար դարձել է ավտոռալի:

Քանի որ ճանապարհը լավ ասֆալտապատված է, որոշ վարորդներ  տանջում են ավտոմեքենայի գազի սեղմակը, չմտածելով, որ նման ձևի ավտոմեքենա վարելու պատճառով վթարներ են տեղի ունենում: Այս հատվածում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ վրաերթեր, եղել են մահվան ելքով, իսկ շատ քաղաքացիներ էլ հայտնվել են հիվանդանոցներում:

2 տարի է, դիմել ենք Երևանի քաղաքապետարան, անգամ՝ գրավոր, որպեսզի կամ արագաչափ դնեն, կամ 3-4 արհեստական անհարթություններ: Վստահ ենք, եթե արհեստական անհարթությունները տեղադրվեն, վթարները մեծ մասամբ կպակասեն: Հիմա ո՞ւմ դիմենք: Փառք ենք տալիս Աստծուն, որ այս վթարի ժամանակ ոչ մի քաղաքացի չի տուժել:

Ճիշտ է, տանտերը կրել է նյութական մեծ վնաս, բայց դա լուծվող հարց է, իսկ եթե քաղաքացի տուժեր ու քաղաքացու հարազատները բռնեին ու շան քոթակ տային, ո՞ւմ էին մեղադրելու: Հիմա  գոնե այս վթարից հետո քաղաքապետարանի չինովիկները դուրս գան իրենց կաբինետներից ու գան մի օր, մի քանի ժամով էս փողոցում կանգնեն: Կհամոզվեն, որ մեր խնդրանք-պահանջը անկապ չի: Հարցի միակ լուծումը՝ մի քանի արհեստական անհարթություններ տեղադրելն է, ինչը զսպաշապիկ կլինի որոշ վայ վարորդների համար, էլ չենք ասում  5-6 հազար բնակիչների՝ հիմնականում բնակվողների,  ժամանած հյուրերի և այս ճանապարհով անցնող Շորբուլախի, Ջրաշենի ապրողների  անվտանգության մասին»:

Ավելի ուշ «Մուրացան» բժշկական կենտրոնից Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 15-ամյա Մհեր Պ.-ն, ով տեղում բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել