Aysor.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարել։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, թե որոշման հիմքում դրված է մարդասիրության ու համերաշխության սկզբունքը։

«Նախագիծը տարածվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, այսինքն՝ մինչև պատերազմի մեկնարկը 27 տարին լրացած շարքային ու 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից ու զորահավաքային զորակոչից խուսափած ու ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ», - ասաց նախարարը։

Նա նշեց, որ համաներումը հայտարարելով՝ պատժից ազատվում են այն անձինք, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ հետաձգվել է։

Բադասյանի խոսքով՝ համաներման շահառու են դառնալու նշված հոդվածի հիման վրա հետախուզման մեջ գտնվող անձինք։

«2021 թվականի ապրիլի 5-ի դրությամբ՝ համաներում է կիրառվել 4976 անձի նկատմամբ, որոնցից հետագայում հանցանք է կատարել 1152-ը, իսկ նրանցից 249-ը՝ երկու ու ավելի անգամ», - ասաց Բադասյանը։

Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 607 դատապարտյալ, 501 դատապարտյալի պատժաչափը կրճատվել է, 73-ն ազատվել է, համաներում է կիրառվել պրոբացիայի շահառու հանդիսացող 2874 անձի նկատմամբ։

Նախարարն ընդգծեց, որ համաներում կկիրառվի առավելագույնը 5131 անձի ու դատապարտված առավելագույնը 124 անձի նկատմամբ։

«Համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվում են ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածով, այսինքն՝ եթե այլ հոդված էլ կա՝ համաներման ակտը կիրառելի չի լինելու», - ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե թվում է, որ հիմա ամենաանպատեհ ժամանակն է պատերազմից հետո համաներում կիրառելը զինծառայությունից խուսափածների նկատմամբ, սակայն իրենք որոշումը կայացրել են, քանի որ բանակն ու զինված ուժերը թևակոխում են խորը և բովանդակային բարեփոխումների փուլ։

«Ըստ էության, սա բոլոիս համար հնարավորություն է ինչ-որ մի կետ ֆիքսել ու գնալ առաջ», - ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը՝ 90 և ավելի տոկոս, հետախուզվում է հենց այս հոդվածով։

Ռուստամ Բադասյանն ասաց, թե համաներումով այն քաղաքացիները, ովքեր Հայաստան չէին կարող վերադառնալ, կվերադառնան ու կնպաստեն տարբեր ոլորտների զարգացմանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ հայտարարեց, թե շահառուները Սփյուռքում են գտնվում ու կազմում են շատ մեծ թիվ։

«Պատերազմի ժամանակ շատ դեպքեր եղան, որ մարդիկ ուզում էին գալ, կամավոր կռվել, բայց չէին կարող, որովհետև հետախուզման մեջ էին», - ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել