Pastinfo.am-ը գրում է․

Ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը եւս ահաբեկչության եւ բարբարոսության մի ձեւ է, - «Փաստինֆո» -ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանցի զինվորականները նախօրեին Շուշիի հատվածում շրջանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետը ու շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ, գրառում կատարել տանկի հուշարձանի մոտ տեղադրված ցուցանակի վրա։

«Իհարկե մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ, որպեսզի նման միջադեպեր տեղի չունենան։ Դա ոչ միայն մեր, այլ նաեւ խաղաղապահների համար է մեծ հարված եւ իրենք եւս համապատասխան քայլեր կձեռնարկեն»,- ասաց Բաբայանը։

Եռակողմ ստանձնած պարտավորության խախտումը արձանագրել էին ռուս խաղաղապահները, ինչի վկայությունը տանկի հուշարձանի մոտ տեղադրած ցուցանակի վրա կատարված գրառումն է եղել։ Բայց բացառված չէ, որ նախկինում եւս եղել են դեպքեր՝ առանց հետքեր թողնելու կամ կարող են լինել՝ վտանգելով Արցախի բնակչության կյանքը։ «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան Դ.Բաբայանն ասել է՝ «Դա պարզելու համար պետք է համապարփակ ձեւով ուսումնասիրենք այս ամենը։ Իսկ պարզապես ասել դա առաջին դեպքն է, թե ոչ ՝ դժվար է։ Սակայն չի բացառվում, որ նման դեպքեր կարող են տեղի ունենալ, չի բացառվում։ Եվ մենք պետք է միշտ պատրաստ լինենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել