News.am-ը գրում է.

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի դերասանուհի Էլեն Սարգսյանը մարտի 21-ին հավերժ հնազանդ լինելու խոստում է տվել սիրելիին՝ Վահան Մարտիրոսյանին: Զույգը հարսանեկան յուրահատուկ ֆոտոշարք է իրականացրել, որը Էլենը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատմել իր կյանքի ամենահեքիաթային օրվա որոշ մանրամասներ:

Էլենի ու Վահանի հարսանիքն ունեցել է հետաքրքիր թեմատիկա, որի կիզակետում եղել է թռիչքը:

«Կարծում եմ՝ հարսանիքն անցավ հետաքրքիր։ Այն ուներ իր կոնցեպտը, հերոսը, սիմվոլը։ Մենք երկուսս էլ շատ տպավորված ենք եղել Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով Ճայ»-ով ( ի դեպ, այդ վիպակը դեռ նախորդ 80-ականներին առաջին անգամ հայերեն թարգմանել է իմ պապիկը՝ Վահե Հովհաննիսյանը): Նա սիմվոլ է ազատասիրության, աշխատասիրության, երանզանքների իրականացման, կատարելագործման, սիրո եւ բարության։ Ջոնաթանը եւ նրա Թռիչքը մեզ ուղեկցեցին մեր հարսանիքի օրը՝ մեր լուսանկարներով, մեր տարոսներով (հենց գրքի տեսքով, որոնք բաժանվեցին բոլորին, ոչ միայն երիտասարդներին, այլեւ՝ որպես երազանքների իրականացման մաղթանք), իմ պարի բեմադրությամբ եւ հանդիսության սրահի վայրով։ Մի խոսքով հարսանիքը թռիչքային էր»,-պատմում է Էլենը:

Զույգի հարսանեկան խնջույքին ներկա են եղել միայն ամենահարազատ եւ մտերիմ մարդիկ.

«Բոլոր հարցերում  հաշվի էինք առել թե մեր հայրենիքի այսօրվա իրավիճակը, եւ թե հակահամաճարակային կանոնները։

Մենք նշանադրվել էինք 2020-ին,  երեւի՝ այդ օրը այդ սարսափելի տարվա միակ լուսավոր օրն էր, որից հետո սկսվեց  արհավիրքը՝պատերազմ, զոհեր, գերիներ եւ ամենածանրը՝ մեր Հայրենիքի մի Հրաշք հատվածի կորուստ (համոզված եմ, որ ժամանակավոր)...Սակայն մենք բարդույթ չունեցանք։ Հակառակը՝ մի տեսակ ավելի պարտավորվում ես կազմել ամուր, հայկական, իրական արժեքներով ընտանիք՝  որպես պետությանդ ամրապնդման առաջին քայլ»,-ասում է դերասանուհին, որն, ի տարբերություն շատ հարսնացուների, իր զգեստն ընտրել է ընդամենը 15 րոպեում՝ հայտնի հարսանյաց սրահներից մեկում:

Ինչ վերաբերում է հարսանեկան ճանապարհորդությանը՝ Էլենն ու Վահանն արդեն դա իրականացրել են, սակայն դերասանուհին շատ փակագծեր նախընտրեց չբացել՝ միայն նշելով.

«Այո, արդեն մեկնել ենք հանգստանալու, անկեղծ երկուսս էլ չափազանց հոգնած էինք։ Սիրելիի հետ ամեն տեղ հրաշալի է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել