Hraparak.am-ը գրում է.

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիները, պատմամշակութային հուշարձանները պղծելուն, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց․ «Իհարկե անսպասելի չէ։ Մենք Ադրբեջանի պետական քաղաքականությանը նոր չէ, որ պետք է ծանոթանանք։ Նախիջեւանի խաչքարերի ոչնչացումը դրա ցայտուն օրինակներից մեկն էր։ Ամեն դեպքում պիտի փորձենք, բայց մեծամեծ վտանգված են մեր սրբավայրերը, մեր պատմամշակութային հուշարձանները՝ հաշվի առնելով Ադրբեջանի պետական-քաղաքականության հիմքում դրված ընդհանուր մոտեցումները։

Դա որոշակի ազգային, հոգեբանական կոմպլեքսի հետեւանք է, երբ փորձում ես ամեն կերպ հայկական պատմական տարածքները սեփական տարածք հռչակել, պետք է փորձել պատմամշակութային այն շերտը, որը հայկականություն է ենթադրում, ոչնչացնել եւ ներկայացնել դրանք թուրքական կամ իսլամական»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում իշխանության այն պնդումներին, թե պետք է վերանայել մեր վերաբերմունքը տարածաշրջանի պետությունների նկատմամբ, նա արձագանքեց․ «Ես զերծ կմնայի զգացական այնպիսի բառապաշար օգտագործել հարաբերությունների մեջ, ինչպիսիք են՝ թշնամի կամ սիրելի։ Միջազգային հարաբերությունների մեջ կան օբյեկտիվ առարկայական իրավիճակներ, այս իրավիճակի մեջ հասկանալի է, որ այն հարաբերությունը, որը ձեւավորվել է Թուրքիայի, Ադրբեջանի նկատմամբ՝ չի կարելի բարեկամական կոչել։

Օբյեկտիվ իրավիճակի մեջ ենք, մի քանի ամիս է պատերազմն ավարտվել, այդ պատերազմի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր, ունենք կորսված տարածքներ, էմոցիոնալ ֆոնը շատ բարձր է այսօր»։ Անդրադառնալով մեռելոցի օրվան, որը Կառավարության որոշմամբ այս տարի դարձավ աշխատանքային օր, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ մեռելոցների օրվա հետ կապված խնդիրը բավական երկար ժամանակ քննարկվում էր նաեւ նախորդ կառավարության շրջանում. «Մեռելոցների համար օրենքով նախատեսված այսպիսի դրույթ կար, որ Կառավարությունը կարող է որոշում կայացնել՝ Տաղավար 5 տոներին հաջորդող մեռելոց օրը ոչ աշխատանքային հռչակել։ Տարբեր տեսակի քննարկումների արդյունքում եղան որոշակի փոփոխություններ, զեղչերին որոշները, որոշները պահպանեցին։ Անկեղծ ասած, այդ քննարկումն ինձ համար միշտ անհասկանալի է եղել, եթե մեռելոցին ընդհանուր զգացում կա, որ մարդիկ ցանկանում են այցելել գերեցմաններ, թող այցելեն, ինչ անհրաժեշտություն կա արհեստականորեն խոչընդոտել, հատկապես այս օրերին։ Եթե աշխատանքային օր է սահմանվում, մարդիկ ստիպված իրենց աշխատանքը չկորցնելու համար պետք է պարտադրված աշխատանքի գնան, ես կարծում եմ՝ խոչընդոտում է որոշ չափով։ Այս տարի հատկապես այս պայմաններում, երբ Եռաբլուր այսպիսի հոսք կա, այսպիսի մեծաթիվ զոհեր ունենք, կարծում եմ՝ պետք էր հրաժարվել նման գործելաոճից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել