ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Դատարանը մերժել է պատասխանողի միջնորդությունը՝ արձանագրելով, որ պատասխանողը չի ներկայացրել որեւէ հիմնավոր փաստարկ առ այն, որ հանգամանքների փոփոխությամբ պայմանավորված` վերացել է հայցի ապահովման միջոցի անհրաժեշտությունը, իսկ դատական ակտերի իրավաչափության վերաբերյալ պատասխանողի ներկայացուցչի փաստարկները հիմք չեն հայցի ապահովումը վերացնելու համար։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջով:

Դատարանը մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Ապրիլի 2-ին նշանակված դատական նիստին վարչապետի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ հայցի ապահովումը վերացնել։ Վարչապետի ներկայացուցիչը պնդել էր, որ Գասպարյանի գործով հայցի ապահովման հիմքը բացակայում է։

Միջնորդությունը ներկայացնելուց հետո Գասպարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը նշել էր, որ այդ միջնորդությամբ որեւէ հիմնավորում չի ներկայացվել, եւ այն ենթակա է մերժման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել