Armeniasputnik.am-ը գրում է.

Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Գեորգի Կիմի Պողոսյանը մահացել է երեկ առավոտյան՝ ժամը 7:30-ին, սրտի կանգից: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Պողոսյանի հարազատներից մեկը։

Ավելի վաղ ճանաչված բժշկի մահվան լուրը Facebook-ի իր էջում հայտնել էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Ազգականի խոսքով՝ մահը վրա է հասել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, ուր Պողոսյանը տեղափոխվել էր 20 օր առաջ կորոնավիրուսի պատճառով։

«Կարելի է ասել, որ նա հաղթահարել էր կորոնավիրուսը, սակայն շարունակում էր մնալ բժիշկների հսկողության տակ։ Առավոտյան նրա սիրտը կանգ է առել», - ասաց Պողոսյանի ազգականը։

Նա նաև նշեց, որ Գեորգի Պողոսյանը տառապում էր սրտանոթային հիվանդություններով։ Վերջին տարիներին նրա սրտի վրա կարդիոստիմուլյատոր էին տեղադրել (օգնում է կարգավորել սրտի սինուսային ռիթմը, -խմբ.)։

Հիշեցնենք` Գեորգի Պողոսյանը 74 տարեկան էր։ Նրա առաջին կինը եղել է պարուհի, Հայկական ԽՍՀ վաստակավոր պարուհի Սոֆի Դևոյանը։ Երկրորդ անգամ ամուսնացել էր դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ։ Երկրորդ ամուսնությունից ուներ մեկ դուստր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել