Կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել 2021 թվականի բյուջեում. հերթական անգամ չեղարկելով մի շարք միջոցառումներ, որպեսզի կարողանա դրանց համար հատկացված միջոցներով կատարել պատերազմի ավարտից հետո ստանձնած մի շարք պարտավորություններ։

Եվ այսպես, պատերազմի ավարտից հետո Կառավարությունը մեծ շուքով ընդունեց մի որոշում, որով պարտավորվեց աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի  սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության հարցը լուծելու համար։

Մասնավորապես՝  գործադիրի ընդունած որոշմամբ  այս միջոցառման շահառու դարձած քաղաքացիները  պետք  3 ամիս ստանային ամսական աշխատավարձ` 100 հազար դրամի չափով,  գործատուի մոտ աշխատանքային  փորձ ձեռք բերելու ընթացքում։

ՀՀ կառավարության 30.12.2020թ. ընդունած որոշման արդյունքում 52 ԱՀ քաղաքացիների հնարավորություն էր տրվել ընդգրկվելու աշխատանքային փորձ ձեռք բերելու  այս  ծրագրում:

Ուշագրավ է, որ Կառավարության ընդունած այս որոշման վերաբերյալ  տնտեսագետները  մտահոգություններ հայտնեցին, որ Կառավարությունը ստանձնում է պարտավորություններ, որոնց կատարման համար բյուջում փող չկա, և հարց էին բարձրացնում՝ եթե Կառավարության պահուստային ֆոնդը դատարկ է, այդ դեպքում ինչպե՞ս  են  կատարելու  ստանձնած ֆինանսական պարտավորությունները։

Ու հիմա պարզվում է, որ գործադիրը դատարկված պահուստային ֆոնդին փոխարինող տարբերակ է գտել:  Որոշել են բյուջով  նախատեսված այլ՝ ոչ պակաս  կարևոր միջոցառումներ չկատարել,  իսկ դրանց համար նախատեսված գումարը  ծախսել 52 ԱՀ քաղաքացիներին աշխատանքային փորձ ձեռք բերելու համար ծրագիրը շարունակելու համար: Ասել է  թե՝ Կառավարությունը ստանձնել է պարտավորություններ, որոնց համար չունի ֆինանսական հոսքեր, և հիմա ստիպված է  փողը մի տեղից կտրել,  ուղղել մեկ այլ տեղ, և քանի որ զբաղվածության տարածքային կենտրոններում գործազուրկի  կարգավիճակ ստացած ևս  778 քաղաքացի ցանկություն է հայտնել աշխատանքային փորձ ձեռք բերելու 3 ամիսների ընթացքում նաև վարձրատրվել։

Այս նպատակով Կառավարությունը ընդունել է նոր որոշում, ըստ որի, ոչ թե մասամբ, այլ առհասարակ չեն կատարվի 2021-ի բյուջով  նախատեսված այն ծրագրերը, որոնք պետք է ուղղվեին փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ինչպես, օրինակ՝ «Աշխատանքի տոնավաճառի կազմակերպման», «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրման», «Գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրերին:  Դրանց իրականացման համար  նախատեսված 195 միլիոն  167 միլիոն դրամ գումարը հիմա կուղղվի Արցախի Հանրապետության քաղաքացիներին աշխատանքային փորձի ձեռքբերման միջոցառմանը։

Թե ի՞նչ  հետևանք կունենա Հայաստանի տնտեսության զարգացման վրա, օրինակ, փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին չաջակցելը, Կառավարությունը, փաստորեն, այնքան էլ չի կարևորել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել