Tert.am-ը գրում է.

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծով առաջարկվում է լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակել, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:

Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն այն ընդունել է, եթե 2-րդով էլ անցնի, ապա ավելի քան 50 լրատվական կայք կզրկվի իր բյուջեի մոտավորապես 70 տոկոսից:

Օրենքի նախագծի վերջնական ընդունվելու վտանգների և ռիսկերի մասին Tert.am-ը զրուցել է Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանի  հետ:   

-Տիկին Ավետիսյան, Ձեր կարծիքով «Գովազդի մասին» ՀՀ օրենքում վիճակախաղերի, ինտերնետ խաղերի և խաղատների հետ կապված փոփոխությունները միտվա՞ծ են գովազդների ցուցադրման գրաֆիկը կարգավորելուն, թե՞ ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու:

-Հաշվի առնելով վերջին երեք տարիների ընթացքում ԱԺ իշխանական պատգամավորների կողմից առաջարկված օրենքի նախագծերն ու փոփոխությունները, կարելի է եզրակացնել, որ հիմնավոր և խորքային քննարկում տեղի չի ունեցել, հաշվի չեն առնվել գովազդային շուկայի յուրահատկությունները, արտաքին և ներքին ազդակները, ինչպես նաև ընկերության ծառայությունների մատուցման սահմանափակման կարգավորումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին գովազդային շուկայի ծավալները նվազել են, իսկ լրատվամիջոցների մեծ մասի համար գովազդային այս շուկան որոշակիորեն կայունություն է ապահովում, կայացված որոշումն առաջին հերթին ազդելու է լրատվամիջոցների ինքնավարությանը, անկախությանը և, վերջապես, վերջնական լուծարմանը:  

Այս օրենքի նախագիծը չի վերահսկում սոցիալական մեդիայի տիրույթը, ազդեցություն չունի արտաքին շուկայի խաղացողների վրա, ինչը կարող է անհավասարակշիռ իրավիճակ ստեղծել ֆինանսական ներդրումների և հաճախորդների ներգրավման համար, իսկ դա նշանակում է, որ պետբյուջե մուտք չեն գործի հարկեր, որոնցից արտաքին շուկան ունենում է շահույթ: Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ ես նման բովանդակ գովազդի կողմնակիցն եմ, բայց օրենսդրական նախաձեռնություններն ու փոփոխությունները պետք է բխեն հանրույթի շահից, տնտեսական, ֆինանսական, իրավական կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունավետ դրույթներից, որոնք կունենան խորը հիմնավորվածություն և կկարգավորեն ոլորտում առկա խութերն ու խոչընդոտները և ոչ թե կնպաստեն ամբողջական ոլորտների կազմաքանդմանն ու տնտեսական աճի նվազմանը:  

Ես չեմ տեսել որևէ հետազոտություն կամ արժանահավատ վերլուծություն այս նախագծի հիմքում, որը կփաստի դրա հանրօգուտ լինելու մասին։ Մենք պետք է վերջ դնենք դիլետանտությանը, կանխավարկածներով չսահմանենք օրենքներ։ Հիմնվենք լուրջ գիտական հետազոտությունների վրա. Ինչը բացակայում է։  

-Արդյո՞ք ժամային գրաֆիկի սահմանափակումը անչափահասներին զերծ է պահելու վիճակախաղերը օգտագործելուց, եթե միևնույն է ավելի տարածված` սոցիալական ցանցերում գովազդների վերաբերող սահմանափակում չկա։

-Մեզնից յուրաքանչյուրը համացանցում փնտրում և գտնում է ֆիլմեր, որոնք հետաքրքրություն են առաջացնում, բոլորս էլ նկատել ենք, որ չկա հայտնի մի ֆիլմ, որի դիտման ժամանակ չհայտնվի աջարաբեթի կամ վիբեթի գովազդ: Նորագույն տեխնոլոգիաներն ամեն օր փոխում են մեր կյանքը, ավանդական ԶԼՄ-ները քիչ-քիչ դուրս են մղվում երիտասարդների, պատանիների կյանքից: Փոքրիկ սմարթֆոնը կառավարում է մեր կյանքը, բնականաբար, մեդիասպառումն էլ համացանցի միջոցով է տեղի ունենում: Սահմանափակելով, ի վերջո, այդ հարցը չի լուծվում:

-Այսպիսով ԶԼՄ-ները չե՞ն կանգնի ֆինանսական խնդրի առաջ և ինչու է հատկապես հիմա` ընտրություններից առաջ փորձում կիրառել այդ գործիքակազմը իշխանությունը։

-Արտահերթ ընտրությունների նախապատրաստական փուլում պետք է ազատվել բոլոր հնարավոր խոչընդոտներից: Իշխանությունն օգտագործում է բոլոր լծակները վերարտադրման նպատակով, իսկ դա նշանակում է, որ ընտրական օրենսգիրքը պետք է հարմարեցվեր իրենց հաշվարկներին, զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը խստացնող օրինագիծը պետք է հաստատվեր, ինչպես նաև «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը, փաստորեն, 2021-ի մարտի 24-ին ԱԺ-ում անցավ առաջին ընթերցումը, որով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանափակումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Միանշանակ պետք է արձանագրենք, որ լրատվական կայք մուտք գործող մարդն, ով տեղեկատվություն ստանալու իրավունքն է իրացնում, գովազդը տեսնելով չի գայթակղվելու: Այո, մենք ունենք ոչ իրազեկ քաղաքացիներ, ունենք ոչ մեդիագրագետ քաղաքացիներ, մենք ունենք տարբեր սոցիալական խավերի ու վարքաբանական խնդրահարույց մոտեցումներ ունեցող, խաղամոլ, թմրամոլ, հանցագործ և նման բազմաթիվ մարդիկ, որոնց ուղղությամբ երբեք ուսումնասիրություն չի իրականացվել հասկանալու համար այրդյոք գովազդը, ֆիլմը, տեսանյութն ու հոդվածն ինչ ազդեցություն են ունենում մարդկանց վրա: Մենք այսօր ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք մատուցվող նյութի, տեսանյութի բովանդակությանը, ինչն այդքան էլ չի հետաքրքրում իշխանությանը: 

-Ի՞նչ խնդիր է լուծում այս նախագծով իշխանությունն ինքն իր համար։

-Իշխանությունն այս նախագծով լրատվամիջոցների  կրճատմանն է նպաստելու, ԶԼՄ-ներն ստիպված են լինելու գտնել ֆինանսավորման այլ աղբյուրներ, թաքնված գովազդն էլ ավելի մեծ չափերի է հասնելու, պակասելու է ԶԼՄ-ների ազատությունը, որովհետև գովազդը հնարավորություն է տալիս պահպանել ինքնավարությունը: Համավարակի պայմաններում շատ ընկերություններ լուծարվեցին կամ փակվեցին, որովհետև չկարողացան գոյատևել, բնականաբար, գովազդային շուկայի ծավալներն էլ նպաստեցին և ստացվեց այնպես, որ այս լրատվամիջոցների գովազդի հիմնական աղբյուրը բեթինգային ընկերություններն էին: Հավանաբար կշատանան այնպիսի ԶԼՄ-ների թիվը, որոնք ֆինանսական աջակցության համար կսկսեն սպասարկել քաղաքական այս կամ այն ուժին։ 

Գոնե պետք է հասկանալ, թե սա ինչ ժամանակահատված է, պետք է գիտակցել, թե ինչքան ֆինանսական կորուստների կարող է բերել և ինչքան ընտանիքներ զրկվելու են իրենց աշխատանքից, որովհետև ԱԺ կայացրել է իբրև հանրային շահին նպաստող որոշում, սակայն հաշվի չի առել այլընտրանքային հնարավորությունները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել