Ոստիկանները գնդակահարել են ավտոմեքենայի վարորդին, որը վրաերթի էր ենթարկել ԱՄՆ Կապիտոլիումի մոտ հսկիչ-անցագրային կետի երկու ոստիկաններին, հայտնում է Reuters-ը: 

ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանության գործող ղեկավար Յոգանանդա Փիթմանը հայտնել է, որ կասկածյալը վրաերթի է ենթարկել սպաներին, այնուհետեւ կոտրել է պատնեշը, դուրս եկել ավտոմեքենայից եւ ոստիկանների վրա հարձակվել դանակը ձեռքին:

Ոստիկաններից մեկը մահացել է ստացած վնասվածքների հետեւանքով: Հայտնի է մահացած ոստիկանի անունը՝ նա 18-ամյա ստաժով ոստիկանության վետերան Ուիլյամ Էվանսն է:

Վաշինգտոնի ոստիկանության ղեկավար Ռոբերտ Կոնտին հայտնել է, որ տեղի ունեցածը ահաբեկչության հետ կապված հանցագործություն չէ, սակայն միջադեպի հետաքննությունը շարունակվում է:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է տեղի ունեցածի պատճառով իջեցնել Սպիտակ տան դրոշները:

Բազմաթիվ լրատվամիջոցներ, վկայակոչելով անանուն աղբյուրներին, հայտնել են կասկածյալի անունը՝ նա 25-ամյա Նոա Գրինն է Վիրջինիա նահանգի Նյուպերտ Նյուսից: Գրինի եղբայրը Washington Post-ին հայտնել է, որ Նոան թմրամոլ էր եւ տառապում էր պարանոյայով, իսկ նրա ընտանիքն անհանգստանում էր նրա հոգեկան վիճակի պատճառով:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Գրինը Facebook-ում գրում էր «վերջին ժամանակների», հակաքրիստոսի եւ «գիտակացության կառավարական վերահսկողության» մասին: Նա նաեւ հայտնում էր, որ գործազուրկ է դարձել, «մասամբ հիվանդությունների պատճառով» եւ գովաբանում էր «Իսլամի ազգ» արմատական կազմակերպության առաջնորդ Լուիս Ֆարահանին:

Facebook-ի հայտարարության մեջ նշված է, որ կասկածյալի էջերը հեռացվել են Facebook-ից եւ Instagram-ից, եւ ընկերությունը կապի մեջ է իրավապահ մարմինների հետ:

Ոստիկանությունից հայտարարել են, որ կասկածյալն իրենց հայտնի չէ, եւ իրենք դեռ պետք է պարզեն նրա հարձակման դրդապատճառները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել