«Մեր երկրում այնպիսի քաոս է տիրում, որ անգործության ու զավեշտի շատ դրսևորումներ ուղղակի չենք նկատում։ Դե, ով գիտի, թե 3 տարվա մեջ 88 իմքայլականներից քանիսն են օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկել՝ նրանց որոշ օրինագծերից հետո աղերսում ենք, որ ոչ մի նախաձեռնությամբ այլևս հանդես չգան։ Իսկ ժամանակին հաշվում էինք, թե որ օրենսդիրը քանի ելույթ և նախագիծ է ներկայացրել։ Շատ ավելի կարևոր խնդիրներ կան այսօր երկրում, որոնք լուծման կարոտ են, բայց առկախված մնում են՝ վտանգելով մեր պետականությունը։ Եթե անգամ համարենք, որ անվտանգության խնդիր չունենք՝ այդ խնդրի լուծումը հանձնել ենք մեր ռուս բարեկամներին, հազարավոր նման խնդիրներ ունենք՝ սկսած ահագնացող արտագաղթից, զինծառայության, կրթության, առողջապահության, գիտության խնդիրներից մինչև տնտեսական ճգնաժամ, արտաքին պարտք, գնաճ, գործազրկություն։

Այս խնդիրները չեն լուծվում և չեն էլ լուծվելու, քանի դեռ երկրում չի լուծվել բուն և ամենակարևոր քաղաքական խնդիրը՝ շարունակում է պաշտոնավարել մի քաղաքական ուժ, որի գործողությունների արդյունքում մենք կորցրինք Արցախի մեծ մասն ու մեր զավակներին։ Մի ուժ, որի հրաժարականն են ամիսներ շարունակ պահանջում երկրի գրեթե բոլոր լուրջ ինստիտուտներն ու հեղինակավոր անհատները։ Ասենք, եթե անգրագետ և նախկիններին ատող զանգվածի ձայների հաշվին կրկին վերարտադրվեցիք, ինչպե՞ս եք հարաբերվելու այդ կառույցների հետ։

Ինչպե՞ս եք աշխատելու ակադեմիայի, բանակի, եկեղեցու, համայնքապետերի, մտավորականների հետ, որոնք ամեն օր խոսում են հրաժարականի և իշխանափոխության մասին։ Կարելի է, իհարկե, պարփակվել Պռոշյան-Հանրապետության հրապարակ գծի վրա, ավելացնել ոստիկաններին և բարձրացնել նրանց աշխատավարձը, բայց դա ելք չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել