Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը Դոնբասում հակամարտության սրման համար մեծացնում է ռազմական ներկայությունը և բարձրացնում իր բանակի մարտունակությունը: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Մոսկվան վերջին օրերին ակտիվացրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ժողովրդական աշխարհազորի ստորաբաժանումների պատրաստումը, ինչպես նաև սահմանին կենտրոնացրել է կանոնավոր բանակի ստորաբաժանումներ:

«Ռուսական օկուպացիոն զորքերը շարունակում են սադրիչ գնդակոծություններ իրականացնել ուկրաինացի պաշտպանների դիրքերի ուղղությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման համար նրանց մեղադրելու նպատակով»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, գերատեչությունը Մոսկվային մեղադրել է «քարոզչական ջանքերի» ավելացման համար, որով «ՌԴ-ն փորձում է միջազգային հանրության աչքերում արդարացնել Ուկրաինայի դեմ ՌԴ զինված ուժերի հնարավոր սադրանքները»։

Նշվում է նաև, որ իրավիճակի սրման դեպքում Ուկրաինան «համարժեք պատասխան» կտա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել