Panorama.am-ը գրում է.

«Արցախում տնտեսական կորուստներն ահռելի շատ են. դրանք համադրելի են մեր ՀՆԱ-ի մի քանի տարվա ցուցանիշի հետ և կազմում եմ միլիարդավոր դոլարներ»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, վերջին պատերազմից հետո Արցախը կորցրել է և՛ գյուղատնտեսական, և՛ էներգետիկ ներուժի մեծ մասը։

«Բայց պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք նախ վերականգնվել, ապա նաև զարգացմանը միտված քայլեր անել։ Շուտով մեկնարկելու է մեծ բնակարանաշինական ծրագիր, որն իրականացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Պատերազմի մեկնարկից սկսած տարբեր ծրագրեր է իրականացրել հիմնադրամը, Արցախի կառավարությանը նա գումար չի տրամադում, այլ առանձին իր ծրագրերն է իրականացնում։ ՀՀ Կառավարությունից էլ նախորդ տարի շուրջ 10 մլրդ գումար է փոխանցվել Արցախին, իսկ այս տարի ՀՀ-ից տրամադրվող միջպետական վարկը ավելի արագ կարգով է տրամադրվել Արցախին»,- նշեց նա։

Գրիգորի Մարտիրոսյանը նկատեց՝ 35-40 հազար արցախցի կորցրել է իր տունը, և այժմ պետության համար առաջնային խնդիր է այդ քաղաքացիներին բնակարաններով ապահովելը։ Նա նշեց, որ նպատակադրվել են 2.5-3 տարվա ընթացքում այդ խնդիրն ամբողջությամբ լուծել և բոլոր տարհանված արցախցիներին ապահովել բնակարանով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել