2016 թվականին թշնամին մեր զինվորի բազկի ուժն էր փորձում, մեր սպառազինությունն էին փորձում, բայց ես միշտ ասում էի, որ էլի պատերազմ է լինելու, որովհետև Ապրիլյանն իրենց կոկորդին կանգնեց, ավելի հզորացան ու մի քանի պետությունների օգնությամբ կարողացան իրագործել իրենց չարաբաստիկ նպատակները: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի մայր Համեստ Ներսիսյանը:

«Ապրիլյանից հետո դասեր չքաղեցին, էլի քնեցին: Ապրիլյանից հետո պետք է զինեին բանակը: Մենք երբեք մեր զինվորի բազկի ուժի վրա չենք կասկածել, չունենք կասկած, որովհետև բոլորն էլ իրենց հայրենիքի համար պատրաստ են անմահանալու: Մենք հիմա էլ պետք է զգոն լինենք, միշտ արթուն լինենք»,-ասաց նա:

Խոսելով Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին, որը դեռ չեն հրապարակում՝ մայրը նշեց, որ հիմա անհասկանալի է, թե ինչ են քննելու, որովհետև ակնհայտ է, որ թերացումներ կան: «Ապրիլյան պետերազմի ժամանակ 22 հանձնված դիրք ենք ունեցել, սակայն Ապրիլյանը տարբերվում է նրանով, որ լայնածավալ հարձակման ժամանակ Արմենակենց օգնության չեն գնացել: Դա էլ կհանձնվեր, բայց տղաները մարմնով կանգնեցին ու  փրկեցին: Այս պատերազմն արդեն բոլորիս ողնաշարը կոտրել է, չեմ ուզում այլևս ոչ մի բանի մասին մտածել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել