Shamshyan.com-ը գրում է.

Ապրիլի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Արարատի մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ մ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Mazda-ի միջից և Արարատի հիվանդանոցի բժիշկների ու քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ:

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Օպերատիվորեն ժամանել են  ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը:

Վթարի մասին  ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավետյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արամ Պողոսյանի և Նարեկ Սաֆարյանի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ Վեդիի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ  մահացածը Mazda-ի վարորդն էր, ով ապրում էր Արարատի մարզի Այգավան գյուղում, իսկ հիվանդանոց են տեղափոխվել նրա կինն ու 3 անչափահաս երեխաները: Իսկ Mercedes-ի վարորդն էլ վթարից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին:

Քիչ առաջ տեղեկություն ստացվեց ոստիկանության Արարատի բաժին, որ Mercedes-ի վարորդը նույնպես դիմել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել